Մատչելիության հղումներ

Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություն կատարելու իմքայլականների նախագիծը մասնագետները խնդրահարույց են համարում


«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։

Պատգամավորներն առաջարկում են՝ լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ այս առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ նախագծի հիմնական խնդիրն այն է, որ շեշտը դրվում է ոչ թե տեղեկության բովանդակության, այլ աղբյուրի վրա։

«Այսինքն՝ այս օրինագիծը ենթադրում է, որ կարող է լինել ճիշտ՝ իրականությանը համապատասխանող տեղեկություն, որի աղբյուրը չի կարելի նշել», - ասաց Նավասարդյանը։

Պատգամավորներն առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում բացակայում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ տեղեկություն տարածողը պատասխանատու է հենց տեղեկության համար։ Նրա խոսքով՝ աբսուրդային կլինի, եթե լրատվամիջոցը ճիշտ տեղեկություն հրապարակելու դեպքում պատասխանատվության ենթարկվի՝ չնույնականացվող աղբյուրին հղում անելու համար։

«Դրանով է պայմանավորված այն, որ օրենքով պաշտպանված են աղբյուրները, այսինքն, եթե ինֆորմացիա տարածողն ինքն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, չի նշում աղբյուրը, կամ նշում է այնպիսի աղբյուր, որին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, ուրեմն, եթե այդ բովանդակության հետ խնդիր կա, ուրեմն կա նաև պատասխանատու։ Եթե բովանդակության հետ խնդիր չկա, ապա այստեղից ընդհանրապես իրավական հետևանքներ չեն կարող լինել», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Չի կարելի լրատվական դաշտին վերաբերող որևէ իրավական ակտում փոփոխություն անել առանց այդ դաշտի հետ համագործակցելու, պնդում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նրա կարծիքով՝ նախագծում անանուն աղբյուր տերմինը սխալ է օգտագործված ու վտանգում է անանուն աղբյուրի իրավական պաշտպանության կոնցեպցիան։

ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը։ Լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

«Առաջին քայլ որպես պետք է հրաժարվել անանուն տերմինից, սրան ուրիշ ձևակերպում է պետք տալ։ Իրենք, ինձ թվում է, ավելի շատ վտանգը տեսնում են, օրինակ Telegram ալիքից, որտեղ յուրաքանչյուր ոք՝ ես, Դուք, մյուսը կարող է գեներացնել ինչ-որ հորինված տվյալներ և դրանք տիրաժավորել՝ առանց դրանց իսկությունը ստուգելու, բնականաբար, լրատվամիջոցները և քաղաքացիները սկսում են սոցիալական ցանցերում դրանք տարածել», - նշեց Դոյդոյանը։

Պատգամավորների օրենսդրական առաջարկի հիմնավորումներում նշված է՝ «անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում, կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

Նախագիծը մշակած իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որը նախկին լրագրող է, պնդում է, որ առաջարկվող փոփոխություններով չի արգելվելու վերարտադրել անհայտ ծագում ունեցող աղբյուրների տեղեկությունը, սակայն այն անհրաժեշտ է հրապարակել արդեն սեփական անունից։

«Այսինքն՝ ինչպես նախկինում, երբ չկային Telegram ալիքները և մենք մեր ստացած տեղեկատվություններն ամենատարբեր աղբյուրներից մատուցում էինք մեր սպառողին տեղեկատվությունը՝ էդ ռիսկերը հաշվի առնելով։ Օրինակ, մենք համարում էինք, որ դա սենսացիոն է և հրապարակում էինք, գրում էինք՝ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ոնց որ հիմա էլ ենք անում։ Մեր առաջարկը սրա մասին է, մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներին, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի», - ասաց Հովհաննիսյանը։

Չնայած մասնագիտական շրջանակում առկա անհանգստություններին՝ պատգամավորը պնդում է՝ նախագիծը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում։

Նախագիծը նաև առաջարկում է լրատվամիջոցների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել՝ լրատվամիջոցին պարտավորեցնելով ամեն տարի հրապարակել ֆինասնական հաշվետվությունը։

XS
SM
MD
LG