Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջի գործով Մհեր Ավագյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը


Դատարանը մերժեց Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ ներգրավված «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը:

Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը, ինչպես նաև մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը նրան կալանավորելու վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց:

Ըստ ԱԱԾ-ի` նրանք են Ֆեյսբուքում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։

Երեկ ԱԱԾ բերման ենթարկված, ապա ձերբակալված Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը իրենց վերագրվող կասկածանքը չեն ընդունում, հայտարարել են նրանց պաշտպանները։

Նշենք, որ այսօր ավելի վաղ դատարանը որոշել է Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ կեղծ էջի գործով կալանավորել Արամ Սարգսյանին:

XS
SM
MD
LG