«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։
Բեքարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քննությունը, նախաքննության պրոցեսը, հարուցված քրեական գործն ինքն իր մեջ ունի զրո տրամաբանություն։
«Երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում ի՞նչ է հետապնդվում։ Դու տեսնում ես, որ չկա տրամաբանություն, դու շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ ա», - ասաց Բեքարյանը։
Բեքարյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ին։ Նա, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։
ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորել բոլոր չորսին, սակայն դատարանը բավարարել է Արամ Սարգսյանի և Արա Սաղաթելյանի վերաբերյալ միջնորդությունները, իսկ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։
Մանրամասներն՝ ավելի ուշ