«Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածուն է, որպես անցումային շրջանի վարչապետ։ Այդ մասին այսօր հայտարարեցին 17 ուժերի ներկայացուցիչները։

Նրանք ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի շենքում նորաստեղծ շարժման խորհրդի նիստն էին անցկացնում:

Հայրենիքի փրկության շարժմանը, ըստ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, կուսակցություններից բացի, նաև մոտ չորս տասնյակ հասարակական, մշակութային գործիչներ են միացել․ - «Վազգեն Մանուկյանը, իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ, իր հմտություններով, այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայունություն, կկարողանա կազմակերպել առաջիկայում արտահերթ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Մեր երկրի առջև այս պահին կանգնած մարտահրավերները Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել, իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունը»։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փոխամցմամբ, որոշվել է, որ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ դառնա, այլևս կուսակցական չի լինելու, մեկ տարի անց կազմակերպելու է արտահերթ ընտրությունները՝ դրանց անձամբ չմասնակցելու պայմանով։ Նա պետք է այդ ընտրություններում հավասար պայմաններ երաշխավորի քաղաքական բոլոր ուժերի համար․ - «Պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դա հիմնական այն պատճառներից էր, որ մեզ թույլ տվեցին որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանին»։

Ըստ Հայրենիքի փրկության շարժման, նոր վարչապետը կարող է Ղարաբաղի հարցով բանացկություններ վարել, սակայն ստորագրված եռակողմը փաստաթուղթը չեղարկելու մասին խոսք չկա։

«Որևէ պարագայում չենք հայտարարել, որ մենք չեղարկելու ենք հայտարարությունը», - ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ինչպես են պատրաստվում հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Իշխան Սաղաթելյանն պատասխանեց, թե կա երկու տարբերակ՝ կա՛մ Փաշինյանը ինքնակամ հայտարարում է հեռանալու մասին, կա՛մ այդ գործընթացը կիրականացվի Ազգային ժողովի միջոցով։

«Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև ինքը այլ ճանապարհ չունի։ Պետք է հեռանա րոպե առաջ, պետք է հեռանա անցնցում», - հավելեց Սաղաթելյանը։

Փաշինյանը, հիշեցնեմ, այս ընթացքում չի խոսել իր հնարավոր հրաժարականի մասին։

«Լուսավոր Հայաստանն» այսօր հայտարարել է, որ իրենք ունեն վարչապետի իրենց թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։

«Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն համարում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն», - այսօր հայտնել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Խորհրդարանում իմփիչմենթի գործըթնաց սկսելու համար նախ պետք է չեղարկվի ռազմական դրությունը, ապա 44 ստորագրությամբ պետք է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացվի, որտեղ պետք է նշված լինի նաև նոր վարչապետի թեկնածուի անունը։

«Բարգավաճ Հայաստանը», որ Հայրենիքի փրկության շարժման անդամ է, միայն 24 պատգավամոր ունի։ Հարցին, թե այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում իրենց անելիքները, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց․ - «Մենք բոլոր գործիքները օգտագործելու ենք, բոլոր այդ սողանցները, որ օրենքը թույլ է տալիս մենք իրականացնենք, մենք այդ բոլոր գործընթացներով հանդես գալու ենք։ Տեխնիկական այլ մանրամասների այս պահին չեմ անդրադառնա։ Կարծում եմ, որ հիմա մեր առաջին սպասելիքը շաբաթ օրվա հանրահավաքն է»։

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ - «Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի։ Ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, և շատ կարճ ժամանակահատվածում Ազգային ժողովում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»։

74 -ամյա Վազգեն Մանուկյանը, ով 1990-91 թվականներին եղել է Հայաստանի վարչապետը, այսօր որևէ մեկնաբանություն չտվեց։ Նա պետք է խոսի շաբաթ օրը հրավիրված հանրահավաքի ժամանակ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, քաղաքական ուժերը իրենց միասնական թեկնածուի ընտրության հարցում կանգնած են հանրային արձագանքի խնդրի առաջ և փորձ է արվել ընտրել հանրության համար ամենաընկալելի և ամենանվազ խնդրահարույց տարբերակը․ - «Ես համոզված եմ, որ էական դեր է ունեցել նաև այդ 17 կուսակցությունների ներքին հարաբերությունները միմյանց հանդեպ։ Որովհետև այդ կուսակցությունները, ունենալով ներկայումս միասնական թիրախ և միասնական նպատակ վարչապետի հրաժարականի հարցում, անկասկած ունեն նաև բազմաթիվ տարբեր կարծիքներ, տարակածություններ, ընդհուպ հակասություններ մի շարք այլ հարցերում՝ կապված քաղաքական իրողությունների հետ։ Եվ կարծում եմ, այս իմաստով նաև այդ ներքին հարցերի առնչությամբ կոնսենսուսն է բերել այն մտքին, որ Վազգեն Մանուկյանի շուրջ է կանգ առել նպատակահարմարությունը»։