Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի մնալու իշխանության ղեկին. Էդմոն Մարուքյան


«Ազատության» տաղավարի հյուրը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

«Ազատություն»․ - Ինչո՞վ ձեզ չեն համոզում իշխանությունները, Պաշտպանության նախարարությունը, որ՝ դեռ զորաշարժ կա, դիրքերում վերադասավորումներ, ռազմական դրությունը չհանենք, բայց կարճ ժամանակահատվածում սահմանափակումների վերանայմամբ նոր փաթեթ կբերենք։

Մարուքյան․ - Քանի որ մենք դեռ նոյեմբերի 10-ին ունենք Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած քննարկումներ, պետք է ասեմ, որ ընդհանրապես անհամոզիչ էին այսօրվա հիմնավորումները՝ եթե այդպես կարելի է կոչել։ Ամենաազնիվը կարծում եմ տիկին Հերիքնազ Տիգրանյանն էր, որ ասաց՝ ընդդիմությունը սա ուզում է անել անվստահության գործընթաց սկսելու համար, և դրա համար էլ իրենք դեմ են։ Այսինքն՝ քաղաքական պատճառ են դնում տակը և ոչ թե զորաշարժի հետ կապված։ Զորքերի զորաշարժը միշտ է եղել, միշտ է լինում, նաև խաղաղ պայմաններում է դա լինում, և դրա համար ռազմական դրություն պետք չի հայտարարել ընդհանրապես։

«Ազատություն»․ - Քարվաճառի շուրջ անորոշություն կա, Սոտքի մոտ․․

Մարուքյան․ - Անորոշ ոչ մի բան չկա։ Վարչապետը թուղթ է ստորագրել, ըստ որի Քարվաճառը հանձնվել ա Ադրբեջանին։ Եվ հիմա պետք ա իրենք ասեն՝ օրինակ, էդ թուղթը որ ստորագրում էին, Սոտքի հանքը դրա մեջ մտնո՞ւմ էր, թե՞ չէր մտնում։ Հիմա տեսնում ենք, որ ադրբեջանցիները մտել են Սոտք, ՊՆ-ն, վարչապետի մամուլի քարտուղարը հերքում են, բայց տեսանյութերը կան, որ ադրբեջանցիները մտել են Սոտք։ Որքա՞ն կարելի ա ստել, մարդկանց, խաբել։ Թող կամ ասեն՝ այո, ստորագրելիս մենք իմացել ենք, որ Սոտքը անցնում ա Ադրբեջանին, կամ էլ թող ասեն՝ չէ, դա չի անցնում դրա մեջ, հիմա ռուսների հետ խոսում ենք, որ էն կողմ կանգնեն և այլն, և այլն։ Բայց ստել, անընդհատ ստել․․․ էս ժողովրդին ինչքա՞ն կարելի ա խաբել։

«Ազատություն»․ - Ես նկատի ունեի, որ բանակը դեռ շարժվում է, անելիք ունի։

Մարուքյան․ - Ոչ մի բան չկա։ Ինչ որ կա անելու, արված ա, և ոչ մի վտանգ չկա, դա ռազմական դրության հետ ընդհանրապես կապ չունի։ Բանակի դուրս գալու հետ կապված որևէ բան չկա։ Էս առումով ամեն ինչ արված ա, ինչ լինելու ա, եղել ա արդեն։ Եվ հետևաբար ռազմական դրությունը մեծ հաշվով պահվում է քաղաքական նպատակներով։

«Ազատություն»․ - Դուք արդեն ըստ էության հաստատեցիք, որ անվստահության գործընթացը սկսելու եք, դրա համար ձեր ձայները բավարարո՞ւմ են։

Մարուքյան․ - Ես չեմ ասում սկսելու ենք։ Ես չեմ բացառում։ Որովհետև իրենք ինչ են ասում, ասում են՝ մենք դեմ ենք, որովհետև դուք ուզում եք անվստահության գործընթաց սկսեք։ Ես էլ ասում եմ՝ սահմանադրական մեր իրավունքը էդ երբվանի՞ց դարձավ ձեր քմահաճույքի հարց, որ դուք որոշեք։ Դա ԱԺ փոքրամասնության սահմանադրական իրավունքն է։ Այո, պետք լինի, պիտի սկսենք․․․ Մեկ երրորդ ստորագրություն չունենք։ Թող մի հատ ռազմական դրությունը դուրս գա, քննարկումներ կսկսվեն։ Ակնհայտ իրենք ցույց են տալիս, որ ահավոր վախեցած են։ Ահավոր վախեցած իշխանությունը ո՞նց ա էս երկիրը էս վիճակից հանելու։

«Ազատություն»․ - Բայց եթե ձայներ չունեք բավարա՞ր։

Մարուքյան․ - Չունենք՝ չի ստացվի։

«Ազատություն»․ - Դուք պահանջում եք վարչապետի հրաժարականը։ Ձեր ճանապարհային քարտեզում առաջին կետն է դա։ էլի ուժեր էլ փողոցում արդեն հանրահավաքներ են անցկացնում։ Միևնույն է, նույնիսկ ռազմական դրության պայմաններում էդ հավաքները կայանում են։ Ինչո՞ւ չեք միանում, մասնակցում, կամ ձերը անցկացնում։

Մարուքյան․ - Խնդիրը միայն հիմա ռազմական դրությունը չի։ Մենք մեր մոտեցումներն ունենք, դրա մասին բաց, հրապարակային ասել ենք։ Եվ ես կարծում եմ, որ վարչապետի փոփոխությունը հիմա չի լինելու փողոցային պայքարով։ Բայց ես նաև որևէ ձևով չեմ ասում, որ սխալ ա փողոցային պայքարը։ Մի օր էլ հնարավոր ա մենք սկսենք էդ նույն փողոցային պայքարը։ Էս փուլում մենք գործում ենք էս շրջանակներում։ Եվ ես ուզում եմ ասել հետևյալը, որ ոչ մի ուժ միայնակ ոչ մի բան այսօր Հայաստանում չի կարող անել։ Ինչ էլ որ արվի երկիրը էս վիճակից հանելու համար, բնականաբար, քաղաքական կոնսենսուս է պետք, և ես անընդհատ կրկնում եմ, որ էդտեղ պետք ա մեզ «Իմ քայլը» դաշինքի կոնսենսուսը։ Քանի դե չկա «Իմ քայլը» դաշինքի կոնսենսուսը, մեծ հաշվով ոչ մի բան չի ստացվելու։ Բայց իրենք պետք է գիտակցեն, որ էս աղետը, որ իրենք բերել են հայ ազգի վրա, դրանից ելք կա։ Էդ ելքը հիմա վարչապետի փոփոխությունն ա, անցումային կառավարություն ձևավորելն ա մասնագետներից և երկիրը էս վիճակից արագ հանելը։ Որից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ազատություն»․ - Բայց մինչև դա մեծամասնությունը խորհրդարանում մնալու է «Իմ քայլի» ձեռքում, հետևաբար իրենք իրենցի՞ց պիտի վարչապետ ընտրեն։

Մարուքյան․ - Պատկերացնո՞ւմ եք, 88 հոգանոց խմբակցությունը, քաղաքական մեծամասնությունը իրենք իրենցից վարչապետ ընտրելու հարց վախենում են քննարկեն։ Իրենք ասում են՝ կամ Փաշինյանն ա, կամ էլ վերջ, կործանվում ենք։ Այսինքն՝ որևէ ձևով էդ քննարկումը ես չեմ տեսնում։

«Ազատություն»․ - Իսկ դուք ունե՞ք։

Մարուքյան․ - Ոչ մի ուժ, այդ թվում մենք, միայնակ չի կարող ստանձնել պատասխանատվություն։ Եթե կլինի քաղաքական կոնսենսուս, էդ քաղաքական կոնսենսուսով կորոշվի, որ պատասխանատվությունը պետք ա ստանձնի էդ մասով մենք, մյուս մասով՝ ինչ-որ ուժեր, պատրաստ ենք էդ պրոցեսին։

XS
SM
MD
LG