Պատգամավորի համոզմամբ՝ դա անհնար էր, քանի որ ելքը ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Պուտինը կարող էին որոշել․ - «Պատերազմի ելքը ի սկզբանե ո՛չ շտաբի պետը կարա որոշի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը կարա որոշի, ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ էլ Էրդողանը։ Մենակ Աստված գիտի դրա վերջը ինչ կարա լինի»։
Պատգամավորը լրագրողներից տեղեկացավ, որ պատերազմի հնարավոր ելքը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի սկզբում կանխատեսել ու վարչապետին զեկուցել է։
Փաշինյանի ստորագրած հայտարարությունից երկու շաբաթ անց Գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարեց՝ պատերազմի 4-րդ օրը անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` առաջարկելով երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։
Պատգամավորը կասկածում է․ - «Ես չեմ իմանում Գլխավոր շտաբի պետը նման բան ասել է թե չէ։ Ես նաև կասկածում եմ»։
Արմեն Խաչատրյանը, որը մինչև օրենսդիր մարմին տեղափոխվելը, ոստիկան էր, շարունակում է պնդել՝ պետք է կռվեինք մինչև վերջ․ - «Մինչև վերջին պահը ես ձգտել եմ, որ պետք է կռվել և հաղթանակ տանել։ Կոնկրետ մի պատգամավորը ես եմ, որ միշտ հորդորել եմ, որ պետք է կռվել, ոչ մի քայլ հետ»։
Հիմա էլ պնդում է՝ պատերազմում պարտված իշխանությունը չպետք է հեռանա, քանի որ հանրության լայն շրջանում այդպիսի պահանջ չկա։ Հակառակը՝ քաղաքացիներն իրենց հորդորում են չնահանջել․ - «Բոլորդ փաստում եք, որ կա այդպիսի պահանջ։ Ես հավատում եմ միայն փաստերին, և ոչ թե ֆեյսբուքյան հայտարարություններին ու մի քանի հոգու ցույցերին կամ ճանապարհ փակելուն։ Ես ամենօրյա կապի մեջ եմ ժողովրդի հետ՝ հիմնականում Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և այստեղ, ինչքան որ հնարավոր է։ Եվ հիմնականում պահանջները որ լսում են, ասում են՝ հանկարծ հետդարձ չլինի, հանկարծ կարո՞ղ է հրաժարական լինի, ինչի՞ են էսքան գրում։ Ես էլ ասում եմ, որ նման բան չկա»։
Հրադադարի հայտարարությունը ստորագրելուց հետո իշխող խմբակցությունը լքել են չորս պատգամավոր Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը և Գայանե Աբրահամյանը։ Միայն Աբրահամյանն է հրաժարվել մանդատից։ Նա պատերազմից առաջ էր դեռ հայտարարել մանդատը վայր դնելու մասին։
Խմբակցությունը լքելով մանդատը պահելը Արմեն Խաչատրյանը ամոթալի է համարում․ - «Ես դա համարում եմ շատ ամոթ երևույթ այդ պատգամավորների համար»։
Իշխանական մանդատից հրաժարվելու մասին նոյեմբերի 15-ին հայտարարել էր պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Բայց մինչև հիմա երկմտում է։ Կարծում է՝ ճիշտը ամբողջ թիմի հեռանալն է․ - «Ես կարծում եմ, որ միայն իմ գնալը որևիցե բան չի փոխելու։ Ինձ փոխարինելու է մեկ ուրիշը, որը գալու է և զրոյից սկսելու է նորից սովորել օրենքներ կարդալ, օրենքներ գրել։ Ես կարծում եմ, որ մենք պիտի գնանք, բայց մենք պիտի գնանք բոլորով»։
Մանդատը վայր դնելու մասին Բադալյանը Ազգային ժողովի նախագահին զգուշացրել էր նոյեմբերի 16-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել զինվորականներին գալ Երևան ու «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»։ «Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը։
Ինքն իրեն դեռ հարցեր ունի․ - «Նիկոլ Փաշինյանը փառքի գագաթնակետին էր, և վազելով եկանք ու միացանք՝ իհարկե շատ տարբեր հույսերով, սպասելիքներով ու ակնկալիքներով։ Այս պահին մարդկայնորեն չեմ կարողանում այդ պահը հաղթահարել, որ այս պահին, երբ շատ ծանր իրավիճակ է, օգտվել այդ առիթից և անմիջապես հեռանալ։ Նույնիսկ եթե կան բազմաթիվ հակասություններ»։
Իշխող խմբակցությունում քննարկո՞ւմ են Փաշինյանի հրաժարական։, Պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հստակ չպատասխանեց հարցին։ Քննարկվող հարցեր շատ կան, ասաց։
Իսկ լայն հանրության շրջանում հրաժարականի պահանջ, ըստ նրա, չկա․ - «Ասեցի, կա օբյեկտիվ որոշակի պահանջ հանրության որոշակի հատվածի մոտ, մեղադրական․․․ Հենց էդ մարդիկ նշում են, որ եթե իշխանությունը հիմա հրաժարական տա, դա կլինի դավաճանություն»։
Նարեկ Զեյնալյանի պնդմամբ՝ գործող իշխանության հրաժարականը պահանջողներն ընդամենը աթոռի կռիվ են տալիս։