Մատչելիության հղումներ

Փաշինյանի հրաժարականը կնշանակեր պատասխանատվությունից խուսափել, պնդում է Ռուբինյանը


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացված էր, որ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ փաստաթուղթ է պատրաստվում։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Ռուբինյանն ընդգծեց՝ փաստաթղթի ստորագրումն այդ պահի դրությամբ միակ ճիշտ որոշումն էր և «գործողությունների որևէ ալտերնատիվ ընթացք հնարավոր չէր»։

«Նախ նոյեմբերի 9-ին, երբ վարչապետը գրառում էր կատարել, որ Շուշիում մարտեր են ընթանում, այո՛, մարտեր ընթանում էին, երկրորդը՝ հանրության արձագանքը եռակողմ հայտարարությանն ամբողջովին հասկանալի է և փաստ է, որ շոկ էր, և բոլոր զգացումները՝ և՛ ջղայնության, և՛ ապատիայի, և՛ շոկի հասկանալի են, և երրորդը՝ այո՛, ես տեղեկացված եղել եմ մինչև ստորագրումը, և ես նույնպես կարծել եմ և կարծում եմ, որ, համենայն դեպս, այդ պահի դրությամբ դա միակ ճիշտ որոշումն էր», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Հարցին, թե խմբակցությունն ի՞նչ մակարդակով է տեղեկացված եղել՝ հանձնաժողովի նախագահը, խմբակցության ղեկավարն, Ազգային ժողովի նախագահը, թե՞ ամբողջ խմբակցությունը, Ռուբինյանը պատասխանեց․ - «Ո՛չ, ամբողջ խմբակցությունը տեղեկացված չի եղել։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ օրը և՛ ռազմական իրադարձությունները, և՛ բանակցային իրադարձությունները զարգացել են շատ դինամիկ կերպով, և երբ որ ասվում է, որ ժամերի և րոպեների հարց է եղել, ճիշտ է ասվում։ Եղել է իրավիճակ, երբ որ ժամերի կամ րոպեների ընթացքում կարող էին փոփոխություններ լինեին, ընդ որում անդառնալի փոփոխություններ լինել։ Եվ, կրկնում եմ, հասկանալով հանդերձ հանրության արձագանքները, որոնք շատ բնական են, պետք է ասեմ, որ այդ պահի դրությամբ գործողությունների որևէ ալտերնատիվ ընթացք հնարավոր չէր»։

Թե ինչո՞ւ վարչապետը նախքան ստորագրումը չդիմեց ժողովրդին, Ռուբինյանը պարզաբանեց, որ կային օբյեկտիվ պատճառներ։

«Այս օրերի ընթացքում հնչում էր հարց, թե ինչո՞ւ չէր կարող վարչապետն, օրինակ, դիմեր ժողովրդին, շատ պարզ պատճառով, որովհետև պատկերացրեք վիճակ, երբ որ վարչապետը, մինչև հայտարարություն ստորագրելը, դիմում է ժողովրդին և ասում է՝ ես պատրաստվում եմ ստորագրել այս հայտարարությունը, բնականաբար պիտի հիմնավորեր չէ՞, թե ինչու է ստորագրում այս հայտարարությունը, որովհետև կա այսպիսի վտանգ, որովհետևը Ստեփանակերտն է անմիջական վտանգի տակ և այլն, պատկերացրեք այդպիսի իրավիճակ և մեկ էլ պարզվեր, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել հայտարարությունը, այդ պահի դրությամբ մենք կունենայինք չավարտված պատերազմ, այսինքն՝ շարունակվող պատերազմ այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետն ասել է, որ Ստեփանակերտը գրեթե 100 տոկոսանոց գրավվելու վտանգի տակ է, կամ Մարտունին, կամ մեր 25-30 հազար զինվորները շրջափակման վտանգի տակ են։ Այսինքն՝ օբյեկտիվորեն դա այդ պահին հնարավոր չէր անել», - ասաց Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը։

Իսկ եթե վարչապետը հրաժարական տար, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրեր, ըստ Ռուբինյանի, դա կնշանակեր պատասխանատվությունից խուսափել։

«Մեկ հարց էլ կարող էր հնչել, թե ինչո՞ւ վարչապետը չէր կարող հրաժարական տալ , չստորագրել, ևս շատ պարզ պատճառով, որովհետև, կրկնում եմ իրավիճակը՝ թշնամին գրավել է Շուշին, և՛ Մարտունին, և՛ Ստեփանակերտն անմիջական և՛ ուղիղ, և՛ կարճաժամկետ վտանգի տակ են, այսինքն, նույն գիշեր կարող էր բան փոխվել և պետք էր հենց այդ պահին պատերազմը կանգնեցնել։ Հա գուցե վարչապետը հրաժարական տար և չարժանանար այն դժգոհություններին, որոնք հետո եղան, բայց դա կնշանակեր պատասխանատվությունից խուսափել, իսկ դա շատ ավելի վատ բան է», - եզրափակեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև․

XS
SM
MD
LG