Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտից մեկնարկեց Դաշնակցության երիտասարդական միության կազմակերպած երթը, որի գլխավոր նպատակը, ինչպես հայտարարեցին կազմակերպիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր:
Դաշնակցության երիտասարդական թևից Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կոչ են անում Երևանի և Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին միանալ երթին և առաջիկայում նախատեսված ակցիաներին:
Երթին ներկա էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որպեսզի նոյեմբերի 10-ը հռչակվի հայրենադավության օր:
Նշենք՝ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը:
«Մենք կորցրել ենք Արցախը, հիմա վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը փոքր-փոքր, թիզ առ թիզ հանձնում է նաև այն, ինչը չկա անգամ այդ պայմանագրով: Ինքը խոսում է Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի տարածքների վերադարձի մասին, այդ դեպքում ես հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ դիմելո՞ւ ես Ալիևին Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշենը վերադարձնելու համար: Այսօր միասնության երթ կլինի, այսօր կլինի արժանապատվության երթ, որովհետև կորսված է մեր արժանապատվությունը:
Ես նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր այս շարժումների մեջ փորձում են տեսել որևէ քաղաքական ուղղվածություն, ուրեմն նրանք դրանով սատարում են հայրենիքի դավաճաններին: Ես որպես քաղաքացի լինելու եմ բոլոր այն հավաքներին, բոլոր այն երթերին, բողոքի բոլոր այն ակցիաներին, որոնք կլինեն ընդդեմ այս դավաճանության, կլինի ընդդեմ այդ կապիտուլացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին: Առաջիկա օրերին ես օրենքի նախագիծ եմ դնելու՝ Հիշատակի և տոների մասին օրենքում փոփոխության նախագիծ եմ դնելու շրջանառության մեջ, որտեղ նոյեմբերի 10-ը, դեռ փորձագետների իրավաբանների հետ քննարկում ենք՝ հայրենադավության, թե դավաճանության օր կհռչակվի», - ասաց Զոհրաբյանը: