Վերջին մեկ օրում Երևանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 22 օդանավ

Վերջին 24 ժամերին Ուլյանովկսից Հայաստան է ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս 22 բեռնատար օդանավ, այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչության լրատվական ծառայության կողմից տարածած տեսանյութում հստակ երևում է Հայաստանի տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ շարժվող զրահամեքենաների և բեռնատարների հերթական շարասյունը, որի անվտանգությունը ապահովում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Մի 8» և «Մի 24» մակնիշի ուղղաթիռները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով` վերջին ժամերին Ղարաբաղ է տեղափոխվել ավելի քան հիսուն միավոր տեխնիկա, ինչպես նաև սակրավորների նոր խմբեր։

«Սակրավորները ինժեներական հետախուզության, ճանապարհների, տեղանքի և տարատեսակ օբյեկտների ականազերծման աշխատանքներ են իրականացնելու։ Բացի այդ, նրանք մասնակցելու են տարհանման և մատակարարման ուղիների նախապատրաստման և պահպանմանն ուղղված գործողություններին, կկատարեն իրենց առջև դրված մի շարք այլ ինժեներական խնդիրներ», - տեղեկացնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ինչ վերաբերում է բուն Լեռնային Ղարաբաղում տիրող կացությանը, ապա ռուսաստանցի զինվորականները պնդում են, որ արդեն իսկ հակամարտության գոտում գտնվող խաղաղապահները ոչ մի րոպե չեն դադարում հետևել կրակի դադարեցման համաձայնագրի կատարմանը։

«Խաղաղապահ առաքելության իրականացման շրջանում՝ կողմերի շփման գծի երկայնքով, ավարտվել է ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի տեղակայման գործընթացը։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - երկուշաբթի երեկոյան հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով, ի դեպ, Լեռնային Ղարաբաղում տեղակայմանը զուգահեռ խաղաղապահ զորախումբն ակտիվորեն համագործակցում է թե Հայաստանի և Ադրբեջանի զինվորական գերատեսչությունների, ինչպես նաև Ղարաբաղի իշխանությունների հետ։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում կազմակերպվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը։ Կենտրոնի գործունեության հետ կապված համագործակցություն է իրականացվում տեղական վարչակազմի հետ։ Խաղաղապահ խնդիրների իրականացման, հնարավոր միջադեպերի կանխման և ռուսաստանցի զինծառայողների անվտանգության նպատակով էլ ուղիղ կապի միջոցով անընդհատ փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ», - հայտարարում էր Կոնաշենկովը։

Ռուս զինվորականների տեղակայմանը զուգահեռ շարունակվում է նաև պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից հեռացած խաղաղ բնակիչների վերադարձը։ Անցած գիշեր Երևանից Ստեփանակերտ է ժամանել ևս 19 ավտոբուս, որոնցով իրենց բնակության մշտական վայրեր են վերադարձել ևս 482 փախստականներ։ Ռուսաստանցի խաղաղապահների տեղեկություններով` ընդամենը երեք օրում Լեռնային Ղարաբաղ վերադարձած խաղաղ բնակիչների թիվը հասել է 1200-ի։ Ռուսաստանի ՊՆ-ի պնդմամբ` փախստականների անվտանգ վերադարձի ապահովումն իրականացվում է հենց վերը հիշատակված «Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի» կողմից, որի հիմնադրման մասին հրամանագիրը Ռուսաստանի նախագահը ստորագրել էր նախորդ շաբաթավերջին։