«Էրեխա ենք կորցրել, ժողովուրդ։ Պատկերացնո՞ւմ եք, քսան տարեկան էրեխա ենք կորցրել», - չկարողանալով թաքցնել արցունքը՝ ասում է մի տղամարդ։
«Հոկտեմբերի 2-ից իմ տղայից լուր չունեմ։ Առանց ինձ լսելու գնա, ես նրա ցավը տանեմ», - լացակումած ճչում է մի կին։
Զոհվածների, վիրավորների, բոլոր ցուցակներում փնտրել են, շատերն անգամ դիահերձարաններով են անցել, հոսպիտալներում ճշտել՝ չկան , իսկ սպասել այլևս չեն կարողանում։
Ամենաշատը Ջաբրայիլի ու Հադրութի անունն է հնչում։ Կան նույնիսկ ձայնագրություններ, թե ինչպես են շրջափակման մեջ գտնված զինծառայողներն օգնություն խնդրել։
Ծնողներ կան՝ որդիներից լուր չունեն պատերազմի առաջին օրից՝ 51 օր։
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանի խոսքով, այս պահին որոնողական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել հայկական կողմի համար անհասանելի տարածքներում՝ գրավված Ջաբրայիլ, Կուբաթլու, Զանգելան․ - «Այս պահի դրությամբ այդ տարածքները մեզ համար անհասանելի են, Հայաստանի զորքերի համար անհասանելի են։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, հիմա բանակցում է Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ։ Նաև մենք պատրաստակամություն ենք հայտնել, անձամբ ես ինքս պատրաստ եմ, որ մտնեմ էդ տարածքը, որ եթե հակառակորդ կողմը թույլ տա, հասնենք Ջաբրայիլ»։
Հանձնաժողովն աշխատում է նոյեմբերի 3-ից։ Կարմիր խաչն Արցախ մեծ խումբ է ուղարկել, ռուս խաղաղապահ ստորաբաժանումների հետ հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում աշխատում են։
Գնդապետ Ոսկանյանի տեղեկացմամբ՝ գտնվել են նաև ողջ զինվորներ. – «Երեկ չէ առաջին օրը մեկ զինծառայող ողջ գտել ենք։ Մոտավորապես երկու օր առաջ ավելի մեծ քանակով առաջին պաշտպանական շրջանից մինչը իններորդ պաշտպանական շրջան․․․ տարբեր տեղերից, նաև Երևան քաղաքից»։
Միջանկյալ է մնում Հադրութը․ հանձանժողովի նախագահի տեղեկացմամբ, այժմ աշխատում են, որպեսզի միջանկյալ հատված ադրբեջանական կողմը միայնակ չմտնի, այլ հայկական կողմի կամ ռուս խաղաղապահների հետ միաժամանակ․ - «Հադրութի հատվածները միջանկյալ են, և խոստացել են, որ միջանկյալ հատվածներում միգուցե կարողանանք հետները մտնենք։ Քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ողջ անձինք ունենանք անտառներում, հիմա կետերը չնշեմ։ Նույնիսկ այն տարբերակները, որոնք հավանական չեն, մենք աշխատում ենք այդ տարբերակների վրա»։
Հանձնաժողովը ծնողների դիմումների հիման վրա կորած համարվող ծառայողների տվյալների բազա ունի։ Թե քանի հոգի են, այս պահին նախագահը թիվ չի հրապարակում, բայց ասում է, թե նույնիսկ քարտեզներով ունեն՝ որ ստորաբաժանումը որ օրը որ հատվածում է անհետացել։ Միայն սպասում են, թե երբ կկարողանան մտնել այդ տարածքներ։
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ հասկանում է ծնողներին, բայց խնդրում է չխոչընդոտել իրենց աշխատանքին։
Իրենց որդիներին փնտրող ծնողները մի քանի անգամ Պաշտպանության նախարարության շենք են մտել։ Այսօր առավոտյան էլ մտել են այն ստորաբաժանում, որտեղ հանձնաժողովն է աշխատում։
Ըստ Ոսկանյանի, իրենց մի շարք աշխատակիցներ դիմումներ են գրել, քանի որ այս ծանր մթնոլորտում աշխատել չեն կարողանում․ - «Ճնշումները եղել են այնպիսին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները աշխատողները վազքով թողել են ու փախել են»։
«Ադրբեջանի հետ կապը Կարմիր խաչի միջոցով ենք պահպանում», - ասում է Ոսկանյանը։ Ինչ վերաբերում է պատերազմական օրերին սպայական կազմի գործողություններին, ապա ծնողներն այս ուղղությամբ էլ տեղեկություններ են տալիս հանձնաժողովին․ - «Ծնողը զանգում ա իրան, ինքն ասում ա՝ գոհ էղի, որ ոսկորը բերեն տան քեզի։ Ոսկանյան կոչեցյալը ինձի ասում ա՝ Ջաբրայիլը մերը չի, ձեր էրեխեքն էլ չկան․․․»
«Սպայական կազմը, հրամանատարները պատժվելու են, եթե այնպիս գործողություններ են արել, որ զինծառայողների մահվան պատճառ է դարձել», - ասաց Վիտալի Ոսկանյանը՝ հավելելով, որ կալանավորված սպաներ կան, մի քանի զորամասերի, այդ թվում Ջաբրայիլի դեպքով կան քրեական գործեր։