BBC. Քարվաճառցիները հեռանալուց առաջ այրում են իրենց տները
BBC-ի անգլալեզու ծառայությունը Քարվաճառի շրջանից հաղորդում է իրենց տները լքող տեղացիների մասին։ Լրագրողը հիշեցնում է, որ Հայաստանին մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է տրվել` տարածքներն ազատելու համար։
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են, սկսվել է արտագաղթը։ Էթնիկ հայերը շտապում են հեռանալ մինչև այդ տարածքի մեծ մասը Ադրբեջանին հանձնվելը։
Սարգիսն իրերն է հավաքում` վերցնելով իր հետ հնարավոր ամեն ինչ, ընդհուպ պատուհանները», - ներկայացնում է BBC-ի թղթակիցը:
«Ես այնքան ցավ եմ զգում, որ չեք կարող պատկերացնել։ Ես չգիտեմ` ուր գնամ։ Յոթ երեխա ունեմ, բայց տուն չունեմ»,- լրագրողին պատմում է Սարգիսը։
BBC-ն ներկայացնում է Դադիվանքը, որտեղ լուռ աղոթք է հնչում, հավելում է՝ մի քանի օրվա ընթացքում քաղաքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա շարունակում. «Բադալյանների ընտանիքը այրում է իրենց տունը, որպեսզի որևէ ադրբեջանցի չմտնի այնտեղ»,- ասվում է տեսանյութում։
«Եթե իմ երեխաները չեն կարող այս տունն օգտագործել, ուրեմն ոչ ոք չի կարող»,- պատմում է Քարվաճառի բնակիչը։
«Այս մարդիկ ոչինչ չեն կարող անել խաղաղության համաձայնագրի հետ։ Ոչինչ չեն կարող անել այս տարածքները չկորցնելու համար։ Միակ բանը, որ նրանք կարող են անել` վստահ լինել, որ իրենցից հետո ոչինչ չեն թողնի Ադրբեջանի համար։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է` վերջ է դրել պատերազմին, բայց ատելության կրակը շարունակում է բոցավառվել»,- եզրափակում է BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը։
FAZ. Ղարաբաղյան պատերազմի անսպասելի հաղթողը Պուտինն է
Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների հոդվածներում կարմիր թելով անցնում է միտքը՝ հաղթեցին բոլորը, բացի Հայաստանից:
«Այդ պատերազմի անսպասելի հաղթողը Վլադիմիր Պուտինն է, - գրում է գերմանական FAZ թերթի մեկնաբան Ռայնխարդ Ֆեզերը, - Երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հաղթանակ տարավ մարտի դաշտում, թվում էր, թե Կրեմլը կորցնում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը։ Բայց տեղի ունեցավ հակառակը՝ ռուս զինվորականները դարձան Ադրբեջանում խաղաղապահներ, ինչը շաբաթներ առաջ աներևակայելի էր, իսկ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի մեծացավ։ Պարտությունը կարող է վերջ դնել Հայաստանի ժողովրդավարական փորձին, որը մշտապես հարուցում էր Կրեմլի դժգոհությունը»,- գրում է գերմանացի լրագրողը:
France 24. Պատերազմը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից
France 24-ի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ Մոսկվայի հովանու ներքո ստորագրված պայմանագիրը հիշեցնում է Կովկասում Մոսկվայի ամենուրեք ներկայությունը և Թուրքիայի ներկայության ամրապնդումը տարածաշրջանում։ Ֆրանսիական լրատվամիջոցի հետ զրույցում մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ փաստացի պատերազմը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից։
Glavred. Ռուսաստանի թշնամիներն ավելացան
Ուկրաինական Glavred-ը գրում է, որ եթե Ռուսաստանը նախկինում տեսնում էր միայն մեկ թշնամի՝ Միացյալ Նահանգներին, ապա ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո ստիպված կլինի գործ ունենալ մի քանի թշնամիների հետ: «Եվ սա Ռուսաստանի շուրջ նոր աշխարհաքաղաքական իրողություն է։ Թուրքիայի հաջող մուտքը Կովկաս կտրուկ բարդացրել է Ռուսաստանի մանևրելու ազատությունը հսկայական այդ տարածքում»:
Steigan. Այժմ պարահանդեսը վարում է Ռուսաստանը
«Բաքուն ուրախանալու առիթներ ունի, բայց ոչ ավելին։ Այժմ պարահանդեսը վարում է Ռուսաստանը, գրում է նորվեգական Steigan պարբերականը` շարունակելով, - Թուրքիան նույնպես հաղթանակ չկրեց, չնայած շատ մոտ էր դրան։ Թուրքիան լիակատար աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն Անդրկովկասում ցանկալի ազդեցության չի հասել։ Պուտինի համար սա յուրատեսակ ողջույնի խոսք էր Էրդողանին»։ Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան վերջերս մի շարք հակառուսական քայլեր էր ձեռնարկել, այդ թվում` Ուկրաինայի հարցով` հայտարարելով, որ Ղրիմը պետք է Անկարայի վերահսկողության տակ լինի։ «Այժմ թուրքերը մնացին առանց դեպի Կասպից ծով և ադրբեջանական նավթ ձգվող միջանցքի, նրանց մնում է պարզապես դիտել Ռուսաստանի հաղթանակը եզրափակիչ փուլում»,- ամփոփում է նորվեգացի հոդվածագիրը: