Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կարծիքներ են հնչում, որ ԼՂ-ում ռուսական ուժերի ներկայությունը Բաքվին սանձելու նպատակ ունի


Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում հաղթանակած Ադրբեջանում մտահոգություններ են հնչում տարածաշրջանում ռուսական խաղաղապահների տեղակայման կապակցությամբ։ Շատերը համոզված են, որ Ղարաբաղում ռուսական ուժերի ներկայությունը Բաքվին սանձելու նպատակ է հետապնդում։

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու են ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվելու են հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Ըստ եռակողմ պայմանավորվածության՝ այդ տարածքներում տեղակայվելու է մոտ երկու հազար ռուս զինվորական՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով և հատուկ տեխնիկայով: Ռուսական զորակազմը տարածաշրջանում մնալու է առնվազն հինգ տարի, դրա ավարտին ժամկետը կարող է հաջորդաբար երկարաձգվել հնգական տարով, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ ռուս խաղաղապահներից հրաժարվելու ցանկություն չհայտնի:

«27 տարի անց ռուսական զորքը վերադառնում է Ադրբեջան, և դա շատ վատ է»,- պնդում է ադրբեջանական առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին։ «Հնարավոր է այն ունի «խաղաղապահ բանակ» անունը, սակայն մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բանակը Մոլդովայում և Վրաստանում»,- նշում է Քերիմլին` համոզմունք հայտնելով, որ ռուսական զորքն օգնել է հայերին հաղթել առաջին պատերազմում, և ռուսական զորքի վերադարձը Ղարաբաղ, նույնիսկ խաղաղապահ առաքելությամբ, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին։

Մի խումբ ադրբեջանցի լրագրողներ, փորձագետներ կիսում են այդ տեսակետը` հայտարարելով, որ իր վերահսկողության տակ առնելով խաղաղությունը Ղարաբաղում` Ռուսաստանը նաև Ադրբեջանի գործերին միջամտելու ձայնի իրավունք է ստանում։

«Ռուսաստանյան զինված ուժերի Ադրբեջանից դուրսբերմանը հասնելը եղել է մեր անկախության ողջ ժամանակահատվածի ամենակարևոր որոշումը»,- Թվիթերում գրել է ադրբեջանցի վտարանդի ընդդիմադիր գործիչ Ռուսլան Ասադովը:

Բաքվեցի լրագրող և վերլուծաբան Շահին Ռզաևը կարծում է, որ Մոսկվան ռազմավարական հաղթանակ է տարել` միջամտելով մի փուլում, երբ Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չէր վերադարձրել Լեռնային Ղարաբաղը:

«Այդկերպ Կրեմլը պահպանել է ճնշման լծակները երկու կողմերի նկատմամբ։ Ռուսաստանին պետք չէ, որպեսզի Ադրբեջանն ավելի ուժեղ դառնա», - Eurasianet-ի հետ զրույցում ասել է Ռզաևը` հավելելով, որ Բաքուն ստիպված է համաձայնել Մոսկվայի վերջնագրին:

«Ամենայն հավանականությամբ այլ ելք չի եղել»,- իր հերթին գրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան, ով դեմ էր հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայմանը: «Հիմնական խնդիրն այն է, որ հակամարտությունը կրկին սառեցվել է»,- ավելացրել է Իսմայլովան` նշելով, որ կողմերից և ոչ մեկը գոհ չի լինի տարածքային նոր բաժանմամբ և «հակամարտության ապասառեցման վտանգը» շարունակելու է կախված մնալ տարածաշրջանում:

Թեմային անդրադառնալով` ադրբեջանցի հայտնի բլոգեր և պատմաբան Ալթայ Գյոյուշովը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է խաղաղապահների ներկայությանն ընդդիմացող հայրենակիցներին. «Ցանկանալ պատերազմ և այժմ այլայլվել ռուսաստանյան բանակի տեղակայման կապակցությամբ հիմարություն է, իսկ որոշ դեպքերում` անխիղճ վերաբերմունքի դրսևորում:

Պատերազմ եք ցանկացել, արդյունքը ձեր պատասխանատվության ներքո է։ Իրականում պատերազմական արդյունքը մի քանի անգամ սպասվածից լավ է, թեև մենք դեռևս մինչև վերջ չգիտենք, թե ինչպիսին կլինեն քաղաքական արդյունքները։ Տարածաշրջանը վերածվում է ակտիվ աշխարհաքաղաքական առճակատման կենտրոնի։ Բայց ինչ էլ տեղի ունենա, ամեն ինչ նրանց խղճին է, ովքեր պատերազմ էին ցանկանում», - Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի բլոգեր Ալթայ Գյոյուշովը։

XS
SM
MD
LG