Պուտինի հավաստմամբ` ռուսական կողմն անում է ամեն ինչ հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանի նախագահն այսօր հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում և անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: «Համենայն դեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց», - ասել է նա։

Երեկ, հիշեցնենք, «Կոմերսանտին» տված հարցազրույցում, որի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանի արտգործնախարարը հերթական անգամ կոչ էր արել ղարաբաղյան հակամարտության կողմերին և նրանց արտաքին գործընկերներին անշեղորեն հարգել կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմների ստեղծման և կոնկրետ ժամանակացույցով բովանդակային բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ չնայած դեռ չի հաջողվել հասնել հրադադարի, Մոսկվան շարունակում է ամեն ինչ անել Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար` սրա հետ մեկտեղ շեշտելով, որ առանց վերահսկող մեխանիզմների հրադադարին հնարավոր չէ հասնել: Ռուսաստանի արտգործնախարարը երեկ, ըստ էության, ներկայացրել է նման վերահսկող մեխանիզմների տարբերակները` նկատելով, որ դրանց շուրջ դեռ չի հաջողվել համաձայնության գալ։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` հնարավոր վերահսկող մեխանիզմներն են՝ էլեկտրոնային վերահսկողություն, Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ, ԵԱՀԿ հովանո ներքո դիտորդների գործարկում, ռազմական կոնտինգենտի տեղակայում Ղարաբաղում։

Հարցազրույցում Լավրովն անդրադարձել էր նաև ահաբեկիչների թեմային` ընդգծելով, որ Ղարաբաղում կռվող վարձկան-ահաբեկիչների թիվը հասնում է 2000-ի` հավելելով, որ այս հարցը ՌԴ ղեկավարությունը պարբերաբար բարձրաձայնում է: Սրա հետ մեկտեղ կարմիր թելով այս հարցազրույցում անցնում էր այն միտքը, որ Ռուսաստանը չի պատրաստվում խաղաղություն պարտադրել կողմերից և ոչ մեկին, փոխարենը փորձելու է այսուհետ ևս համոզել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, հարկադրանքի դրսևորումը մեր կողմից առավել քան անտեղի է»:

Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել էր հարցազրույցում, որ Ռուսաստանը դեմ է, որպեսզի փոխվի հակամարտության միջնորդների ձևաչափը, խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է, սակայն կարևորելով Թուրքիայի դերն ու ազդեցությունն Ադրբեջանի վրա` Մոսկվան աշխատում և շարունակելու է աշխատել նաև Թուրքիայի հետ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ:

Հավելենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ երեկ հայտարարել էր, որ Հայաստանի և Արդբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում դեռ չկա։