Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին պնդել է, թե Անկարայի աջակցությունը «միայն քաղաքական և բարոյական նշանակություն» ունի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, արխիվ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, արխիվ:

Ադրբեջանի ղեկավարի քարոզչական «զինանոցում» ավանդական պնդումներն են վարձկանների բացակայության, հայերի ագրեսիայի և Թուրքաիայի սոսկ բարոյական աջակցության մասին:

Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է իր մշտական կարգախոսները, թե, իբր հայերը եկվորներ են, ռուս ցարի նախաձեռնությամբ Արևելյան Անատոլիայից և Պարսկաստանից բերվել են Ղարաբաղ՝ այդ տարածքի ազգային-կրոնական պատկերը փոխելու համար:

Բացի այդ, Իլհամ Ալիևը կիրառում է ավանդական գաղափարախոսական «զինամթերքը»՝ «այս պատերազմը սկսել են հայերը, հրադադարի երեք փորձերը ձախողվել են հենց հայերի կողմից, հայերը մերժում են խաղաղությունը»:

Ալիևը խոսել է նաև միջնորդների մասին: «Պուտինը չի ցանկանում միջամտել, դա ադրբեջանական կողմի համար կանաչ լո՞ւյս է»: Պատասխանելով այդ հարցին` Ալիևն ասել է, թե ինքը շատ է մեկնաբանել թեման. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքն են, այդ խորհուրդը 1993 թվականին ընդունել է Ղարաբաղից և հարակից շրջաններից հայկական ուժերը դուրս բերելու պահանջով բանաձևեր, սակայն դրանք կյանքի չեն կոչվել:

Բացի այդ, եթե այդ երկրները միջնորդներ են, ապա պարտավոր են չեզոք լինել՝ անկախ այն բանից, թե ինչ կապեր ունեն Հայաստանի հետ: Դա միակ ուղին է, այլապես երկիրը կկորցնի միջնորդելու իրավունքը:

Այնպես որ մեզ համար դա կանաչ լույս չէր, մենք պատասխանել ենք Հայաստանի հարձակմանը»,- պնդել է Ալիևը:

Անդրադառնալով Ադրբեջանին Անկարայի ցուցաբերած աջակցությանը` նախագահ Ալիևը հավաստիացրել է, թե այն իբր ունի «միայն քաղաքական և բարոյական նշանակություն»:

Ահա պնդումներից մեկը: «Երբ Թուրքիայի պես հզոր պետությունը սատարում է Ադրբեջանին, դա ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ Ադրբեջանի նպատակն այս պատերազմում արդար է»,- ասել է Ալիևն, ով այս հարցազրույցում չի խոսել թուրքական «Ֆանտոմների», թուրք զինվորական հրահանգիչների և հատուկ նշանակության մարտիկների մասին:

Խոսելով ջիհադական վարձկանների մասին` Ալիևն ի լուր աշխարհի նորից հայտարարել է, թե «հայկական կողմը ոչ մի փաստ չի ներկայացրել, բայց, ավաղ, այդ «ֆեյք» լուրը շարունակում է տարածվել»: Նա ասել է նաև, թե «Մակրոնն այլևս չի խոսում վարձկանների մասին»:

Ալիևը պնդում է, թե աշխարհը պետք է իմանա, որ հայկական կողմն ունի վարձկաններ, այդ թվում` քրդական բանվորական կուսակցության մարտական թևից՝ ՊԿԿ-ից: Ընդ որում, Ալիևի պնդումների արժանահավատության աստիճանն այսպիսին է՝ «մենք դա գիտենք», «ինչպես հայտնի է», «ինչպես արդեն ապացուցվել է»:

Եվ հենց այդ մակարդակի վրա էլ տրվում են խոստումներ այն մասին, թե «հայերը երջանիկ և ազատ կապրեն Ադրբեջանի կազմում»:

Ալիևն ասում է, որ Երևանն աշխարհին վախեցնում է, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին կենթարկեն ցեղապանության, «բայց դա սուտ է, Ադրբեջանը հայերին կտրամադրի անվտանգություն և բարգավաճում, որը նրանք այսօր չունեն չճանաչված ռեժիմի օրոք»:

Ապա նա պնդում է, թե հայերը ժամանակին կոտորել կամ վտարել են Ղարաբաղի ադրբեջանցիներին: «Շուշիում բնակիչների 98 տոկոսն ադրբեջանցիներ էին, բայց հիմա չկան»,- ասել է Ալիևը:

Իր երկիրը հանդուրժողականության և համերաշխության դրախտավայր համարող Ալիևը Ղարաբաղում հայության ներկայությունը միտումնավոր սահմանափակում է վերջին 200 տարիներով, բայց հենց այդ հատվածի անքակտելի մասն է 1920 թվականին մարտի 22-ից 26-ը նույն Շուշիում 20 հազար հայության զանգվածային սպանդն ու տեղահանումը:

Նա չի հիշատակում Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու մեկ գիշերում Իոսիֆ Ստալինի ճնշմամբ Կավբյուրոյի կայացրած որոշումը, չի խոսում խորհրդային տարիներին Ղարաբաղի հայության սոցիալ-տնտեսական զարգացումն ամեն կերպ զսպելու, հայկական մշակութային տարրն արմատախիլ անելու, հայերին վտարելու քաղաքականության մասին:

Ալիևը բարձր է գնահատում Ռուսաստանի ղեկավարի ընդգծված չեզոքությունը, մինչդեռ, վերջին 200 տարիների դրվագներից է նաև «Վալդայ» ակումբի քննարկումներում Վլադիմիր Պուտինի հայտարարությունն է այն մասին, որ այս «հակամարտությունը տարածքի համար չէ, քանի որ էթնիկ զտում է եղել, Սումգայիթում, ապա Ղարաբաղում հայերի դեմ ոճրագործություններ են իրականացավել»:

Ալիևը չի խոստովանում, որ հենց այդ քաղաքականության արդյունքում են հայերը հասկացել, որ փրկության միակ ուղին անջատումն է Ադրբեջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG