ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 1-ին և 2-ին է հեռախոսով զրուցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Նոյեմբերի 1-ին և 2-ին տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Իլհամ Ալիևի հետ: Զրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին մասնակցելով Վալդայան ակումբի քննարկումներին, Պուտինն ասել է, որ «Ռուսաստանից ավելի շատ ոչ ոք հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ»
Նա ասել է նաև, որ մշտական շփման մեջ է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: «Ամեն օր մի քանի անգամ եմ խոսում նրանց հետ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Ավելի վաղ էլ՝ շաբաթներ առաջ, Պուտինը երկու առաջնորդների հետ զրույցներից հետո հորդորել էր կողմերին մարդասիրական հրադադար հաստատել և այդ նպատակով Մոսկվա էր հրավիրել երկու երկրների արտգործնախարարներին։ Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աջակցությամբ ավելի քան 10 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել էին մարդասիրական հրադադար հաստատել՝ զոհվածների աճյունները դուրս բերելու և գերիների փոխանակման համար, ինչպես նաև վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ։ Այդ պայմանավորվածությունները, սակայն, մինչ օրս չեն իրագործվել։