Մատչելիության հղումներ

Ադրբեջանի «տարածքներ ազատագրելը» իրականում էթնիկ զտում է, ընդգծում է Հայաստանի նախագահը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահը մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հայե՛րը չեն սկսել այս պատերազմը, նրա՛նք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Եվ կարիք չկա սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսել», - նաև ընդգծել է Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին:

Հայաստանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի պնդումները, թե իբր իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձևակերպում ունի և կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին: «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաև մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների», - նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում, նրա համոզմամբ, Թուրքիային նպատակը տարածաշրջանում հաստատվելն է և նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը: «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով», - հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG