Արևմտյան աղբյուրների տեղեկություններով` սիրիացի վարձկանները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ծանր կորուստներ կրել

Արևմտյան աղբյուրների պնդմամբ` Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Համզա» դիվիզիայի հրամանատարներից մեկը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի և երրորդ երկրներում ընթացող պատերազմներին սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով` սպանվածը «Համզա» դիվիզիայի կազմում գործող 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին է։

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», - նշում է Ցուրկովը՝ վկայակոչելով սահմանում գտնվող իր աղբյուրները։

Լրագրողի տեղեկություններով, ի դեպ, Ղարաբաղ վարձկաններ ուղարկած թուրքամետ մյուս խմբավորումները ևս վերջին օրերին լուրջ կորուստներ են կրել։

«Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» տասնյակ զինյալներ Լեռնային Ղարաբաղում անհետ կորել են։ Զինյալները մոլորվում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ հիշեցնելով, որ սիրիացի վարձկաններից առնվազն երկուսը գերեվարվել են հայկական ուժերի կողմից։

Ցուրկովի տեղեկությունների մի մասը հաստատում է նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։ Շաբաթ օրը իրավապաշտպան կառույցը նոր տեղեկություններ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների մասին՝ նշելով, որ դրանց թիվը հոկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 231-ի։

«Վստահելի աղբյուրների համաձայն` Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները դեռ շարունակում են ծանր կորուստներ կրել Լեռնային Ղարաբաղում։ Վերջին ժամերին այս տարածքում 14 սիրիացի զինյալ է զոհվել», - նշված է կենտրոնի կայքում։

Նույն աղբյուրի համաձայն` անցած շաբաթավերջին ևս 20 զինյալների մարմիններ են Թուրքիայի տարածքով բերվել Սիրիայի հյուսիս՝ հիմնականում Հալեպի նահանգի այն շրջաններ, որոնք վերահսկվում են թուրքամետ խմբավորումների կողմից։

«Ընդհանուր առմամբ հայրենիք են վերադարձվել Լեռնային Ղարաբաղում զոհված 231 սիրիացիներից 183-ի մարմինները։ Մոտ հինգ տասնյակը շարունակում են մնալ Ադրբեջանում», - պնդում են «Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» ներկայացուցիչները։

Չնայած ծանր կորուստներին և հայկական ուժերի կողմից գերեվարման դեպքերին՝ Սիրիայի հյուսիսում նոր զինյալների հավաքագրումը շարունակվում է, պնդում է ամերիկուհի լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով, ի դեպ, հավաքագրման գործընթացը նորանոր դրսևորումներ է ստանում։

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված ևս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը ևս գործում է, - գրում է Ցուրկովը՝ մանրամասնելով, - Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ Ադրբեջան։ Բանն այն է, որ վարձկաններից շատերը [Լեռնային Ղարաբաղում կռվող] սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ զինյալների հավաքագրման մասին ևս մեկ դետալ փոխանցելով։

«Ադրբեջան մեկնող զինյալների այդ խմբում նաև անչափահասներ են եղել։ Նախկինում մեզ հաջողվել էր փաստագրել, որ թուրքամետ որոշ խմբավորումներ, մասնավորաբար «Սուլթան Սուլեյման շահը» Սիրիայում և Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար անչափահաս զինվորների են հավաքագրում։ Մտահոգիչ է, որ այժմ էլ սիրիացի անչափահասներին ուղարկում են Ադրբեջան՝ պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով», - գրում է Ցուրկովը։

Եվ չնայած ղարաբաղյան պատերազմին սիրիացիների մասնակցության մասին ի հայտ եկող նորանոր ապացույցներին՝ պաշտոնական Բաքուն շարունակում է կտրականապես հերքել այս պնդումները։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը “Washington Times” թերթին տված հարցազրույցում ասել է. - «Ես Մոսկվայում եմ դպրոց գնացել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է քարոզչությունը։ Այս պնդումները պարզապես խորհրդային քարոզչություն են, - պնդել է ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով, - Այս բոլոր ջանքերի նպատակը փաստերն այնպիսի կեղծ լույսի ներքո ներկայացնելն է, որպեսզի դա Հայաստանին հնարավորություն տա այս պատերազմի մեջ ներքաշել ռուսական ուժերին՝ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»: