Մատչելիության հղումներ

Գերեվարված վարձկանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հաղորդում է ՔԿ-ն


Գերեվարված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, 30-ը հոկտեմբերի, 2020թ.
Գերեվարված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, 30-ը հոկտեմբերի, 2020թ.

Անցած շաբաթավերջին ղարաբաղյան հակամարտության գոտում գերեվարված ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ այսօր խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացել Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է «Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ», նշված է հաղորդագրությունում:

Հայկական կողմը մինչև այս պահը հայտնել է սիրիացի երկու վարձկանների գերեվարության մասին։ Հայաստանի քննչական կոմիտեն երեկ հրապարակեց ձերբակալված սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից հատված, որտեղ երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղում գերեվարված տղամարդը պատմում է՝ ինչպես է «Սուլեյման շահ» խմբավորման հրամանատարի կողմից դեռ սեպտեմբերի կեսին Սիրիայում հավաքագրվել, մոտ մեկ ամիս անց ևս 250 զինյալների հետ Թուրքիայից տեղափոխվել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար ամսական 2 հազար դոլարի դիմաց, որը դեռ չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG