«Միացյալ Նահանգների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ է ստեղծում նաև Արցախի համար», - պնդում է Վաշինգտոնում լույս տեսնող National Interest հանդեսը՝ գրելով, որ երկու հակամարտությունների միջև ընդհանրությունները շատ ավելին են, քան կարող է թվալ առաջին հայացքից։
«Կոսովոյի դեպքը ակամայից ուղղակի հիմք ստեղծեց Արցախի հարցում «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառման և Ադրբեջանի կողմից ստեղծված գոյաբանական սպառնալիքներին ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար», - գրում է ամերիկյան պարբերականի հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ անցած կիրակի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձությունների մասին, նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել էր նաև Կոսովոն։
«Այդ հայտարարությամբ Թրամփը իրենից անկախ մատնանշել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ տասնամյակներ շարունակվող ագրեսիայի հակազդման միջոցը՝ Արցախի անկախության ճանաչումը», - գրում է National Interest-ը։
Հանդեսը, սակայն, հիշեցնում է, որ 2008-ին, երբ Վաշինգտոնը ճանաչում էր Կոսովոյի անկախությունը, այն ժամանակ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Քոնդոլիզա Ռայսը հայտարարում էր, որ այդ որոշումը չի կարող նախադեպ հանդիսանալ մյուս հակամարտությունների համար։ Դրա հետ մեկտեղ ամերիկյան հանդեսն ընդգծում է, որ այդ նույն հայտարարության մեջ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հստակորեն սահմանել էր այն չորս կետերը, որոնք հնարավոր էին դարձրել Կոսովոյի ճանաչումը՝ երկրամասի կիսաինքնավար կարգավիճակը փլուզված Հարավսլավիայում, էթնիկ զտումների պատմությունը, Բելգրադի վերահսկողությունից դուրս ստեղծված ժողովրդավարական հաստատությունների գոյությունը և այն, որ ըստ այն տարիների ամերիկյան վարչակազմի, «միայն Կոսովոյի անկախությունն էր, որ կարող էր տարածաշրջանում կայունություն հաստատել»։
Ըստ National Interest -ի հոդվածագրի, այս չորս կետերը լիովին կիրառելի են նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում։
«Արցախը, ինչպես և Կոսովոն, ինքնավար մարզ էր Սովետական Ադրբեջանի կազմում, որը ինչպես և Սերբիայի Սոցիալիստական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ մայր պետության փլուզումից հետո։ Ինչպես Կոսովոն, Արցախը ևս Ադրբեջանի կողմից իրականացված բռնի էթնիկ զտումների զոհ է եղել։ Արցախը ևս համաժողովրդական հանրաքվեի միջոցով անկախության է հասել և կարողացել է զարգացնել կառավարման սեփական համակարգը՝ տասնամյակների ընթացքում իշխանության խաղաղ և ժողովրդավարական փոխանցում ապահովելով», - գրում է ամերիկյան պարբերականը՝ Կոսովոյի և Արցախի միջև ևս մեկ ընդհանրություն նշելով, - «Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի առկայության պայմաններում անկախությունը Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու միակ տարբերակն է մնում»։
Ռուսական «Վզգլյադ»-ի ռազմական մեկնաբանը վերլուծում է ռազմաճակատում ստեղծված կացությունը, գրելով. «Ռազմական գործողությունների ադրբեջանական սկզբնական պլանը նախատեսում էր Լաչինի գրավումը և հետևաբար Հայաստանի և Ղարաբաղի միջև մատակարարումների ընդհատումը, ինչը ռազմական ծրագրավորման տեսանկյունից տրամաբանական էր։ Բայց Լաչինի մոտ կրած վերջին պարտությունը ստիպեց ադրբեջանական կողմին ուժերը կենտրոնացնել Շուշիի ուղղությամբ՝ ինչը խնդրահարույց է և ոչ այնքան տրամաբանական ու կարող է լուրջ կորուստների հանգեցնել»:
«Այժմ Լաչինի ուղղությամբ հարձակվող ադրբեջանական ողջ խմբավորումը կարծես կախված է մնացել օդում՝ բաց թևերով։ Փոքրիկ նախահարձակ գործողությունը դեպի նեղ կիրճը բավարար կլինի, որպեսզի հայկական զորքերը շրջապատեն դեռ մի քանի օր առաջ հաղթականորեն հարձակվող ադրբեջանական խմբավորմանը կամ պարզապես հետ բերեն [կորցրած] տարածքները։ Հայերի ձեռքի տակ եղած ռեսուրսները, սակայն, ըստ ամենայնի բավարար չեն տեղային հաջողությունը ռազմավարական հաղթանակի վերածելու համար», - գրում է մոսկովյան պարբերականը։
«Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակն է», - պնդում է բրիտանական Spectator-ը` պնդելով, որ Անկարան Կովկասում կիրառում է նույն ռազմավարությունը ինչ Լիբիայում։
«Լիբիայում իր ռազմական նպատակներին հասնելու համար Թուրքիան նույնիսկ սիրիացի վարձկանների էր ուղարկում այդ երկիր։ Հավաստի տեղեկություններ կան, որ այժմ նույնն է արվում Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու նպատակով», - գրում է Spectator-ի հեղինակը՝ հավելելով, - «Անկարան բորբոքեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է և երկու պետությունները միմյանց բնութագրում են որպես «Մեկ ազգ, երկու պետություն»։ Նախագահ Էրդողանը պատերազմի ընթացքում Բաքվին լիակատար աջակցություն ցուցաբերեց, ինչը տրամագծորեն տարբերվում է միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի պահվածքից, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել»։
«Պատժամիջոցները կկանգնեցնեն թուրքական ագրեսիան», - հունական «Կատիմերինի» թերթում պնդում է վաշինգտոնցի վերլուծաբան Մայքլ Ռուբինը՝ անդրադառնալով մասնավորապես Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Կիպրոսում Անկարայի վերջին գործողություններին։
«Դիվանագիտական դեմարշները շատ քիչ են ազդում Էրդողանի մտադրությունների վրա։ Ի վերջո, նա հարյուրավոր նման դեմարշներ է տեսել։ Երբ ամերիկյան և եվրոպական առաջնորդները նրան բառերով են հակազդում, Էրդողանը դա որպես լրջության պակաս է դիտարկում և շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միայն երբ Ամերիկայի և եվրոպական պետությունների ղեկավարները սկսեն պատժամիջոցներ կիրառել, Էրդողանը կսկսի ականջալուր լիներ հնչող զգուշացումներին», - նշում է հունական պարբերականի հոդվածագիրը։