Հայաստանի վարչապետի ակնկալիքն է, որ Ֆրանսիան ճանաչի Ղարաբաղի անկախությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.

Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական “TV5 Monde” հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը սկսել է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական հարձակումը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Փաշինյանը և շարունակել. - «Այն, ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում, հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»:

Լրագրողի դիտարկմանը՝ «տարածաշրջանում մեկ այլ մեծ դերակատար էլ կա, խոսքը Ռուսաստանի մասին է», և հարցին՝ «ի՞նչ եք Դուք խնդրել Ռուսաստանի նախագահից», Հայաստանի վարչապետն արձագանել է. - «Նախ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի»:

Հացին էլ՝ ի՞նչ սպասելիքներ ունի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. - «Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանյուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: