Մատչելիության հղումներ

Մոսկվան ակտիվացրել է ղարաբաղյան պատերազմը կանգնեցնելուն ուղղված ջանքերը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ կարող է հաստատել տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան ղարաբաղյան պատերազմական գոտի է տեղափոխել սիրիական ահաբեկիչների:

«Մենք, իհարկե, կարող ենք հաստատել այս տեղեկությունը, ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ, այլ որովհետև ամեն ինչ այդ մասին է վկայում։ Թուրքիան տարբեր երկրներից բերած ահաբեկիչների է օգտագործել Սիրիայում։ Նույն այս մեթոդը Թուրքիան օգտագործել է նաև Լիբիայում, նրանք Լիբիայում օգտագործում են սիրիական ահաբեկիչների։ Եվ շատ հավանական է, որ նրանք նույն այս մեթոդն են կիրառում նաև Լեռնային Ղարաբաղում», - ասել է Ասադը՝ շարունակելով. - «Այստեղ ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Թուրքիան է սկսել այս կոնֆլիկտը՝ խրախուսելով Ադրբեջանին, հետապնդելով ինչ-որ շահեր»։

Պաշտոնական Մոսկվան Ասադի այս հայտարարությունը, որը փորձագետներն ամենևին էլ պատահական չեն համարում, այսօր հրաժարվել է մեկնաբանել։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը մեկնաբանում Լեռնային Ղարաբաղ սիրիական ահաբեկիչներ Թուրքիայի կողմից տեղափոխելու մասին Ասադի հայտարարությունը, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն ասել է միայն, որ Կրեմլում ուշադիր հետևում են բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին։

Ի դեպ, այսօր ռուսական Առաջին ալիքին հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահը: Այն դեռ չի հրապարակվել, հարցազրույցի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանցի մեկնաբանները միաձայն շեշտում են, որ Ռուսաստանն ակտիվացրել է ղարաբաղյան պատերազմը կանգնեցնելուն և կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն ուղղված իր ջանքերը։

Այս ակտիվության հետ մեկտեղ նկատելի է նաև ռուսական պետական լրատվամիջոցների ակտիվությունը: ՌԻԱ «Նովոստի»-ն, այսպես, այսօր հարցազրույց է հրապարակել ոչ միայն Ասադի, այլ նաև Ռուսաստանի Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, ով այդ հարցազրույցում մասնավորապես ասել է ․- «Այսօր Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ընդունակ անել այն, ինչը կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես երկար պահպանել պատրանքներն այն մասին, թե որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա կհասկանան նրանք, ովքեր շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձևաչափին»։

Երեկ մեկ այլ հայ ռուսաստանցի գործարար Forbes-ի ցուցակից՝ Ռուբեն Վարդանյանը տեսանյութ էր հրապարակել, որում պատերազմին վերջ տալու կոչով դիմել էր Ռուսաստանի նախագահին։

Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, գոնե՝ հրապարակավ, շարունակում է պահպանել չեզոք դիքրորոշումը՝ կարևորելով իր միջնորդի դերը ղարաբաղյան կարգավորման հարցում։

Երեկ երեկոյան, հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը սկսվելուց ի վեր չորրորդ անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահին։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի մասին Կրեմլը, ավանդույթի համաձայն, մանրամասներ չի հայտնել, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է իր ադրբեջանցի պաշտոնակցին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում չդադարող մարտական գործողությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության պայմաններում ահաբեկչական կազմակերպությունների անդամների համար Անդրկովկասը պլացդարմ դարձնելու հնարավորությամբ: «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստան», - ընդգծել է նա:

Պաշտոնական Մոսկվան նախկինի պես հայտարարում է նաև, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։

Հետաքրքիր է, որ այսօր Բաքու է ժամանել Թուրքիայի արտգործնախարարը, իսկ ռուսաստանցի փորձագետները գրեթե միաձայն շեշտում են, որ գործնականում Ղարաբաղի շուրջ Մոսկվան այսօր բանակցում է Անկարայի հետ։

Հավելենք՝ մինչ օրս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շփվել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի նախագահների հետ:

XS
SM
MD
LG