Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խիստ վրդովեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ սիրիացի հարյուրավոր վարձկաններ Թուրքիայի նախաձեռնությամբ տեղափոխվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար:
Անկարան և Բաքուն կտրականապես հերքում են այդ լուրը, մինդեռ, Ֆրանսիան և Ռուսաստանը պաշտոնական մակարդակով նշել են, որ ունեն ղարաբաղյան պատերազմում ջիհադականների մասնակցությունն ապացուցող տեղեկություններ:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Իլհամ Ալիևը նույնիսկ պահանջում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտոնապես ներողություն հայցի ջիհադականների խնդիրն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապելու համար: Այդ մասին սրտնեղած Ալիևն ասել է Al Arabiya հեռուստակայանին տված հարցազրույցում:
Ֆրանսիայի ղեկավարը ջիհադականների թեման արծարծել է Բրյուսելում գումարված Եվրոպական միության գագաթնաժողովում, որտեղ ասել է, որ ավելի քան 300 իսլամիստներ՝ թուրքերի դրդմամբ և ֆինանսավորմամբ, Սիրիայից տեղափոխվել են Գազիանթեփ, որտեղից էլ մեկնել են Ադրբեջան ու միացել այդ երկրի բանակին:
«Դա հաստատված փաստ է, նրանց ինքնությունը հայտնի է, նրանք կապ ունեն «Իսլամական պետություն» կազմակերպության հետ», - հոկտեմբերի 2-ին ասել է Էմանյուել Մակրոնը և ընդգծել, որ այդ նախաձեռնությամբ Անկարան հատել է «կարմիր գիծը», և դա պետք է դատապարտվի ՆԱՏՕ-ի կողմից:
«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100-հազարանոց բանակ»,- ասել է Ալիևն Al Arabiya-ի թղթակցին:
Այդուհանդերձ, Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չի հայտնել, թե Ֆրանսիայի նկատմամբ ինչ պատժիչ քայլեր կձեռնարկի, եթե Մակրոնը չարձագանքի ներողություն խնդրելու պահանջին:
Ալիևը, չնշելով որևէ պետության անուն, ասել է նաև, որ եթե այսօր ստեղծվեր միջնորդություն իրականացնող միջազգային ատյան, ապա այն կունենար միանգամայն ուրիշ կառուցվածք և կազմ:
Թերևս Ալիևի այդ ակնարկը հասցեագրված է Ֆրանսիային, որը, Բաքվի և Անկարայի համոզմամբ, կողմնակալ է Ղարաբաղի հարցում:
Մինչդեռ, Էմանյուել Մակրոնը, նրա ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, միջազգային բոլոր հիմնական դերակատարները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, միանշանակ պնդում են, որ Հայաստանին և Ադրբեջանին այդքան ցավ պատճառած երկարատև արյունալի հակամարտությունը պետք է կարգավորել միջազգային համայնքի կողմից ճանաչում ստացած միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Երեկ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցից, Եվրոպական խորհրդի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է, որ խաղաղ բնակչության կորուստն անընդունելի է, և հստակ ասել է, որ հարկ է անհապաղ դադարեցնել կրակն ու հնարավորինս արագ բանակցել՝ Մինսկի խմբի միջնորդությամբ: