Մատչելիության հղումներ

Պուտինը հրապարակային խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ այն անվանելով «ողբերգություն»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների մեկնարկից 11 օր անց՝ այսօր առաջին անգամ հրապարակային խոսել է հակամարտության մասին՝ տեղի ունեցողն անվանելով «ողբերգություն»:

«Ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Բավական է միայն ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն Ադրբեջանցի և մեր հաշվարկներով 2 միլիոնից ավելի հայ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները ամենամոտ ժամկետներում կդադարեցվեն։

Ռուսաստանի նախագահը, անդրադառնալով Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորությունների կատարմանը, նշել է՝ «մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»:

«Ինչպես հայտնի է Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի: Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել», - ասել է նա:

Խոսելով Հայաստանի վարչապետի հետ հարաբերությունների մասին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ մշտական աշխատանքային շփման մեջ է, և Հայաստանի ղեկավարության մոտ հարց չի ծագում կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ: Ի դեպ, վերջին 11 օրվա ընթացքում Հայաստանի վարչապետը Պուտինին է զանգել հինգ անգամ, վերջին անգամ այսօր: Փաշինյանը շնորհավոր էլ Ռուսատանի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ: Նրանք նաև քննարկել է իրավիճակը Ղարաբաղում:

Վլադիմիր Պուտինն այսօր չի խոսել ո՛չ ահաբեկիչներից, որ կռվում են ղարաբաղյան հակամարտության գոտում, ո՛չ ռուս խաղաղապահներից, որոնց մասին վերջերս հաճախ են խոսում ռուսաստանցի փորձագետները:

Ռուս փորձագետների մի մասին այսօր արձագանքով Պուտինի հայտարարությունը, գրել են, որ Կրեմը թույլ տվեց Թուրքիային և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հայերի հետ անել ինչ ուզում են:

Հայաստանից օգտատերերը Ֆեյսբուքում նկատեցին, որ Պուտինն այսօր Ռուսաստանի համար ոչ օտար բնակչության մասին խոսելիս հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ բացեց ՌԴ նախագահի հայտարարության որոշ փակագծեր՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կատարելով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում:

«Եթե ՀԱՊԿ անդամը ենթարկվում է որևէ ագրեսիայի, ապա պայմանագրի մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է։ Նախագահ Պուտինը, սակայն, հստակորեն բացատրել և տարանջատել է այդ երկու խնդիրները», - Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պեսկովը:

Ադրբեջանի նախագահն իր հերթին, պատասխանելով Պուտինին, ասել է, թե Ադրբեջանը ռազմական գործողությունները չի պատրաստվում տեղափոխել Հայաստանի տարածք և նշելով պաշտոնական Մոսկվայի այս օրերի չեզոք դիրքորշումն, ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան են Բաքվի համար վստահելի միջնորդներ հակամարտության բանակցային կարգավորման հարցում:

Երեկ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Այսօր Առաջին ալիքին հարցազրույց է տվել նաև վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ պատերազմական իրավիճակում փոխզիջման դետալների մասին խոսելը տեղին չէ. «Ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջման, և եթե ադրբեջանական կողմն էլ է պատրաստ փոխզիջման, դա կփոխի իրավիճակը»:

Ալիևը այս օրերին տված բազմաթիվ հարցազրույցներում ընդգծել է, որ Բաքվի համար փոխզիջումը Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցն է, որը երաշխավորված կլինի մեծ երկրների կողմից:

Պատերազմը սկսվելուց ի վեր առաջին անգամ Ռուսաստանի նախագահն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիևն այսօր զանգահարել է իր ռուսաստանցի պաշտոնակցին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Նշենք, որ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի արտգործնախարարին, տեղեկացրել է, թե հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենան Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ: Պաշտոնական Երևանը այս տեղեկությունը չի հաստատում:

XS
SM
MD
LG