2021-ի գարնանը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենանք. ԱՆ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանն այս պահին փնտրտուքի մեջ է և բանակցություններ է վարում տարբեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ, «Ազատության» հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը` ընդգծելով, որ պատվաստանյութի հարցում Հայաստանը վերջնական ընտրություն կկատարի, երբ այժմ փորձաշրջան անցնող պատվաստանյութերը գրանցվեն։

Ընդ որում, որ երկիրը կամ ընկերությունը ավելի մատչելի գին կառաջարկի, այդ տարբերակն էլ ձեռք կբերեն։ Եթե օրինակ` ամերիկյան «Մոդեռնա» ընկերությունը ավելի ցածր գին առաջարկի պատվաստանյութի համար, ապա Հայաստանը ձեռք կբերի ոչ թե ռուսականը, այլ հենց ամերիկյանը. - «Մենք փորձում ենք բոլոր ուղղություններով բանակցել, որպեսզի ապահովագրվենք, որպեսզի մեր գոնե աննշան քանակությամբ երկրում հենց ի սկզբանե ունենանք գոնե ռիսկի, կարևոր ռիսկի խմբերին կարողանանք ապահովել»:

«Ազատություն». - Օրինակ` Ռուսաստանի հետ բանակցո՞ւմ եք, եթե հանկարծ ռուսական պատվաստանյութը գրանցվի: Ադրբեջանն, օրինակ, դիմել է:

Գայանե Սահակյան. - Մենք ևս հետաքրքրված ենք, մենք ևս նրանց հետ բանակցում ենք: Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ թեպետ ժամանակավոր թույլտվություն, գրանցում ունի ռուսական պատվաստանյութը, բայց սեպտեմբերի 1-ից նրանք զանգվածային երրորդ փուլը կլինիկական փորձարկումների սկսելու են, այսինքն` սահմանափակ կիրառում: Երբ որ արդեն մշտական գրանցումն ունեցավ, այդ դեպքում ինչ խոսք նաև... տեսեք` մենք բանակցությունները տանում ենք ոչ թե միայն ապահովագրված քանակություններ ունենալու, այլ նաև մեզ համար, մեր տնտեսությանը մատչելի տարբերակները: Եթե ամերիկյան «Մոդեռնա» ընկերությունը մեզ առաջարկի ավելի ցածր գին, քան ասենք ռուսական պատվաստանյութն է, միանշանակ մենք, մեր տնտեսության վիճակից ելնելով, կգնանք այդ ուղղությամբ: Մենք այս պահին փնտրտուքների մեջ ենք:

Նկատենք, որ այժմ աշխարհում փորձարկվող պատվաստանյութերը տարբերվում են միմյանցից: Դրանք, ըստ Գայանե Սահակյանի, 4 տեսակի են: Օրինակ, ամերիկյան «Մոդեռնան» համարվում է գենետիկ պատվաստանյութ, այսինքն` պատվաստանյութի պատրաստման ժամանակ օգտագործվում է կորոնավիրուսի գենոմը, և դրանով են փորձում խթանել հակամարմինների ստեղծումը։

Ռուսաստանն իր պատվաստանյութի ստեղծման ժամանակ կորոնավիրուսի գենը տեղադրում է մեկ այլ վիրուսի՝ ադենովիրուսի վրա, որպեսզի այն ավելի հեշտ թափանցի մարդու բջիջների մեջ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը ընդգծում է, որ շուկայում այս պահին չկա վերջնական գրանցված պատվաստանյութ, բոլորը փորձարկման մեջ են` և' ամերիկյան «Մոդեռնան», և' ռուսական «Sputnik V»-ն, և' անգլիական «ԱստրաԶենեկան», և' չինական պատվաստանյութերը: Բոլորը փորձարկման 3-րդ փուլում են։

Ի դեպ, այս պահին 3 -րդ փուլում գտնվող 8 ընկերությունների պատվաստանյութեր կան։ Մասնագետի պարզաբանմամբ, 3-րդ փուլը ենթադրում է պատվաստանյութի փորձարկում հազարավոր առողջ մարդկանց վրա։

Ընթացող աշխատանքները թույլ են տալիս ակնկալել, որ պատվաստանյութը Հայաստան կհասնի արդեն հաջորդ տարվա գարնանը:

Գայանե Սահակյան. – «Իսկ դա նշանակում է, որ 2021 թվականի գարնանը արդեն շուկայում կլինի պատվաստանյութը:

«Ազատություն». - Նաև հայաստանյան շուկայո՞ւմ:

Գայանե Սահակյան. – Այո, միանշանակ: Պատվաստումները բեկումնային նշանակություն կունենան, և միանգամից համաճարակային գործընթացի ընդհատում կունենանք:

Հաշվի առնելով, որ սեպտմբերի 15 -ին կրթական հաստատությունները բացվելու են, իսկ արտակարգ դրության ավարտից հետո մի շարք սահմանափակումներ հանվելու են` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը աշնանը կորոնավիրուսի տարածման ակտիվություն է կանխատեսում։

Առողջապահական համակարգի համար մտահոգիչ է հատկապես աշնանը սպասվող սուր շնչառական այլ վարակների տարածումը, որոնք կարող են միավորվել արդեն կորոնավիրուսի հետ և հավելյալ ծանրաբեռնվածություն առաջացնել համակարգի համար։ Հետևաբար Հայաստանի առողջապահության նախարարությունն այս պահին քայլեր է ձեռնարկում գրիպի դեմ պատվաստանյութ ներկրելու համար։

Գայանե Սահակյան. – Միայն Հայաստանը չի այսպես մտածում: Ամբողջ աշխարհն է այսպես մտածում: Այդ պատճառով հենց սեզոնային գրիպի պատվաստման նկատմամբ պահանջն էլ է աշխարհում մեծացել:

Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում իրականացված 1746 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով։ Դրական է եղել իրականացված հետազոտությունների շուրջ 10 տոկոսը։ Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, նրանցից 4 -ը կանայք են` 53 -ից մինչը 72 տարեկան, և 65-ամյա մեկ տղամարդ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս պահին Հայաստանում քովիդից բուժվում է 5 հազար 52 մարդ, սակայն նրանց զգալի մասը՝ 3 հազար 552-ը բուժումն իրականացնում են տանը։

Հավելենք, որ այսօր ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել։