Մատչելիության հղումներ

Պաշտոնապես հաստատվում են կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպքեր


Այս շաբաթվա ընթացքում Եվրոպայում և Ասիայում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու կրկնակի դեպքեր։ Այս տագնապալից դեպքերը գիտնականներին նաև ցույց են տալիս, թե ինչպիսի փոխակերպման է ենթարկվում վիրուսը, ինչպես է նրան արձագանքում մարդու իմունային համակարգը, ինչպիսի պատվաստանյութեր են անհրաժեշտ հիվանդության դեմ պայքարում։

Երկու օր առաջ բժիշկները հայտնեցին Բելգիայում և Նիդերլանդներում կորոնավիրուսի կրկնակի դեպքերի մասին, վիրուս է հայտնաբերվել պացիենտների մոտ, որոնք նախկինում վարակվել էին COVID-19-ով։ Բելգիացի վիրուսաբան Մարկ վան Ռենսթը ասել է, որ Բելգիայում պացիենտը 50-ին մոտ կին է, առաջին անգամ նա վարակվել էր անցած մարտին. - «Տիպիկ COVID-19-ի վարակ էր, վիճակը այնքան ծանր չէր հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա իսկապես հիվանդ էր։ Նրա մոտ երկրորդ դեպքը կրկնվել է ուղիղ երեք ամիս անց, նույն ախտանիշով, բայց ավելի կարճ է տևել` ընդամենը մեկ շաբաթ»։

Բելգիական դեպքից մի քանի օր առաջ Հոնկոնգում ևս մի տղամարդ պացիենտի մոտ կրկնակի վարակման դեպք է հաստատվել COVID-19-ից բուժվելուց 4,5 կես ամիս անց։ Սա փաստաթղթերով գրանցված կրկնակի վարակման առաջին դեպքն էր։

Հոնկոնգի համալսարանի բժիշկ Կելվին Թյուի խոսքերով․ - «Որոշ մարդիկ կարող են հարցնել` բուժվելուց հետո արդյոք ընդմիշտ իմունիտետ է ձեռք բերվում։ Նախկինում այդ հարցը միանշանակ պատասխան չուներ, հիմա ամեն ինչ պարզ է: Առաջին անգամ վարակվելուց հետո երկրորդ անգամ վարակվելու միշտ շանս կա»։

Կորոնավիրուսի կրկնակի դեպքերը բժիշկ-գիտնականներին հուշում են ինչպես պայքարել համավարակի դեմ, ինչ պատվաստանյութ մշակել: Եվրոպացի բժիշկները նշում են, որ կրկնակի վարակվելու դեպքերը ցույց են տալիս` թե վիրուսն ինչպիսի փոխակերպումների է ենթարկվում, և ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում դրան։

Հոլանդացի բժիշկ Մարիոն Կուուփմանսն ասել է, որ «պացիենտներից մեկն ակնհայտ թույլ իմունային համակարգ ունի, ինչը բացատրում է նրա վիճակը»։ «Մարդիկ անհանգիստ են ու հարցնում են` արդյոք կրկնակի վարակվելը ստանդարտ երևույթ է։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ վարակված մարդկանց մեծամասնության մոտ իմունային լավ արձագանք կա», - ասել է նա։

Ամբողջ աշխարհում գիտնականները պատվաստանյութ են մշակում մարդկանց պաշտպանելու համար, բայց քանի որ վիրուսը փոխվում է, հետազոտողները ևս վիրուսի փոփոխությանը պետք է արձագանքեն պատվաստանյութի նոր տարբերակներով։

Բելգիացի վիրուսաբան Մարկ վան Ռենսթը շեշտում է․ - «Ուսումնասիրություններից մենք գիտենք, որ կորոնավիրուսի փոխակերպման հաճախականությունն ավելի նվազ է, քան գրիպի վիրուսը։ Բայց այն կա։ Իսկ դա նշանակում է, որ պոտենցիալ պատվաստանյութը չի կարող ընդմիշտ լինել կամ ասենք` 10 տարվա կամ նույնիսկ 5 տարվա համար չի լինի։ Ինչպես գրիպի դեպքում, կորոնավիրուսի պատվաստանյութը հարկ կլինի բավականին հաճախակի վերափոխել»։

Որոշ փորձագետների կարծիքով` կրկնակի վարակման դեպքերն ի հայտ են գալիս ամբողջ աշխարհում շատ թեստեր անցկացնելու հետևանքով։ Կորոնավիրուսի դեմ պայքարը պահանջում է մշտական հայտնաբերումներ ու նորարարություններ, գտնում են առողջապահական ոլորտի մասնագետները:

XS
SM
MD
LG