Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջինն աշխարհում պաշտոնապես գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը


Ռուսաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այսօր Մոսկվայից ոչ հեռու գտնվող Նովո-Օգարյովոյի իր նստավայրում այդ մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` հեռավար խորհրդակցության ընթացքում դիմելով կառավարության անդամներին։

«Որքան ես տեղյակ եմ, այսօր առավոտյան առաջին անգամ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային նոր վարակի դեմ պատվաստանյութը։ Այն բավական ամուր հակամարմնային և բջջային իմունիտետ է ձևավորում։ Բոլոր անհրաժեշտ փորձարկումները այդ պատվաստանյութն արդեն անցել է։ Ես դա բավական լավ գիտեմ, քանի որ իմ դուստրերից մեկը ևս մասնակցել է փորձարկումներին, պատվաստվել է։ Առաջին ներարկումից հետո նրա ջերմությունը 38 աստիճան էր, հաջորդ օրը՝ 37։ Եվս մեկ օր անց ջերմությունը լիովին իջել էր, նա իրեն լավ էր զգում, իսկ հակամարմինների մակարդակը բարձր էր», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ պատվաստանյութը ստեղծվել է երկրի Առողջապահության նախարարության Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտում։ Այն, որ պատվաստանյութի մշակումն ու կլինիկական փորձարկումները ավարտվել են, հայտնի էր դարձել հուլիսի վերջին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), սակայն, բավական թերահավատորեն էր ընդունել ռուսական պատվաստանյութի ստեղծման մասին տեղեկությունները։

«Գոյություն ունի ընթացիկ պրակտիկա, ինչպես նաև կան սահմանված ուղեցույցներ։ Ցանկացած պատվաստանյութ, գրանցումից առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ փորձարկումների փուլերով», - օրերս հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։

Եվ չնայած միջազգային բժշկական շրջանակներում հնչող նման կարծիքներին, արդեն իսկ պետություններ կան, որոնք պատրաստ են օգտագործել Մոսկվայում մշակված պատվաստանյութը։ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, օրինակ, պնդում է, որ Մոսկվան արդեն իսկ առաջարկել է իր երկրին նոր պատվաստանյութի չափաբաժին տրամադրել։

Դուտերտեն, ի դեպ, ակնկալում է, որ Ֆիլիպինները պատվաստանյութի դիմաց ստիպված չեն լինի վճարել։

«Ես կասեմ նախագահ Պուտինին, որ շատ մեծ վստահություն եմ տածում Ռուսաստանում ստեղծված պատվաստանյութի հանդեպ։ Ես անգամ պատրաստ եմ առաջինը պատվաստվել։ Եթե իմ դեպքում [ռուսաստանյան] պատվաստանյութը դրական արդյունքներ ցույց տա, ուրեմն այն ընդունելի կլինի նաև մյուսների համար», - նշել է Ֆիլիպինների նախագահը։

Ռուսաստանյան պատվաստանյութի շուրջ քննարկումների ֆոնին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գերբրեյեսուսը երկուշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վարակակիրների թիվն աշխարհում այս շաբաթ կհատի 20 միլիոնի շեմը։ Վարակակիրների թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է։ Այստեղ վերջին 24 ժամերին Covid-19-ի 44 հազար նոր դեպք է արձանագրվել։

Հնդկաստանում 4-րդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը գերազանցում է 60 հազարը

Հնդկաստանում չորրորդ օրն անընդմեջ վարակակիրների թիվը գերազանցում է 60 հազարի ցուցանիշը։ Վարակվածների թվում է նաև երկրի նախկին նախագահ Փրանաբ Մուկերջին։

Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդրա Մոդիի համոզմամբ, սակայն, կորոնավիրուսի դեմ պայքարը երկրում արդեն իսկ զգալի արդյունքներ է տվել։

«Մահացության միջին ցուցանիշը երկրում, համաշխարհային վիճակագրության հետ համեմատած շատ ցածր է։ Գոհացուցիչ է նաև, որ բուժում անցնողների թիվը նվազում է, իսկ ապաքինվածներինը՝ աճում։ Դա վկայում է, որ մեր գործադրած ջանքերն իզուր չէին», - հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Ես կարծում եմ, որ մեր դպրոցները պետք է վերաբացվեն​». Թրամփ

Օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում, այս օրերին ծավալված քննարկումների հիմնական թեման նոր ուսումնական տարին է։ Չնայած ամերիկյան բժշկական հանրության, ինչպես նաև նահանգապետերի մի զգալի մասը առարկություններին, Սպիտակ տունը հանդես է գալիս դպրոցների վերաբացման օգտին։ Նախագահ Թրամփը պնդում է, որ միևնույն է, դպրոցահասակ երեխաները կորոնավիրուսը թեթև են տանում։

«Երեխաները այնքան էլ արագորեն չեն վարակվում և նրանց կողմից վարակի տարածման ցուցանիշները այդքան էլ բարձր չեն։ Այնպես որ, ես կարծում եմ, որ մեր դպրոցները պետք է վերաբացվեն։ Մեր տնտեսությունը պետք է շարունակի աշխատել», - ասել է Դոնալդ Թրամփը։

Ըստ ամերիկյան աղբյուրների, միայն հուլիսի վերջին մեկ շաբաթում ԱՄՆ տարածքում կորոնավիրուս է հայտնաբերվել 97 հազար դպրոցահասակ երեխաների մոտ։

XS
SM
MD
LG