Մատչելիության հղումներ

Հռոմի պապ. «Վակցինան պետք է մատչելի դառնա բոլորի համար»


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում անցել է 22 միլիոնը, մահացել է ավելի քան 785 հազար հիվանդ:

Մոլորակի առաջատար բժշկական կենտրոններն ու գիտական լաբորատորիաները, դեղագործական հզոր ընկերությունները զօրուգիշեր աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա:

Արդեն կան պատվաստանյութի մի քանի տասնյակ նախնական տարբերակներ, այս օրերին փորձարկումներ են իրականացվում, և ամենայն հավանականությամբ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին մարդկությունը կստանա պատվաստանյութի առնվազն 4-5 տեսակ:

Մեկ դեղաչափի գնի մասին հստակ տեղեկություն դեռ չկա, գուցե այն կարժենա 40, 60 կամ 90 դոլար, դա կախված կլինի արտադրական հզորություններից:

Ամենայն հավանականությամբ, վակցինաները կսկսեն արտադրել միանգամից մի քանի խոշոր ընկերություններ:

Բայց ինչպե՞ս և ի՞նչ կարգով վակցինան կմատակարարվի: Ի՞նչ վիճակում կլինեն աղքատ երկրները, որոնք չունեն արդիական առողջապահություն, որտեղ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Համավարակի տարածման առաջին ամիսներին նույնիսկ գերզարգացած պետություններն են կատաղի մրցակցության մեջ մտել պաշտպանիչ հագուստ, դիմակներ, ախտահանիչ նյութեր և թոքերի օդափոխության սարքեր միջազգային շուկայում ձեռք բերելու համար, ուստի է՛լ ավելի լարված վիճակ կարող է առաջանալ, երբ վակցինան իրականություն դառնա:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում խոսել է այդ ցավոտ թեմայի մասին:

«Սիրելի քույրեր և եղբայրներ, համավարակը վկայեց, թե որքան մեծ է և խորն անջրպետը թշվառների և հարուստների միջև, ցույց տվեց, թե ինչ ահավոր անհավասարություն է աշխարհում: Եվ թեպետ վիրուսը տարբերություն չի դնում մարդկանց միջև, անցնելով իր մահաբեր ճանապարհով, այն մատնացույց արեց այսօր առկա անհավասարությունը, խտրականությունը և է՛լ ավելի անտանելի վիճակի մեջ դրեց անտեսվածներին», - ասել է կաթոլիկ եղեկեցու հովվապետը:

Նրա փոխանցմամբ, մարդկությունը պետք է երկու ճակատով պայքարի վիրուսի դեմ, որը մարդկանց ծնկի է բերում:

Նախ պետք է գտնել այդ պստիկ, բայց ահավոր վիրուսը ոչնչացնելու միջոցը, բայց, մյուս կողմից, մարդիկ պարտավոր են չմոռանալ սոցիալական արդարության արժեքը, հիշել անհավասարության մասին, լուսանցք մղվածների մասին, պետք է գիտակցեն, որ պարտավոր են օգնել ամենաթույլերին:

«Տխուր կլինի, եթե վակցինայի հարցում առաջնահերթությունը տրվի հարուստներին, տխուր կլինի, եթե վակցինան դառնա այս կամ այն պետության սեփականությունը, եթե այն չլինի ունիվերսալ գյուտ, որը պետք է մատչելի դառնա առանց բացառության բոլորին», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Կորոնավիրուսից տուժած հզոր ընկերություններն այսօր ֆինանսական օգնություն են ստանում պետություններից, այդ միջոցների մեծ մասը գոյանում է մարդկանց վճարած հարկերից, և հիրավի ամոթ կլինի, եթե օգնություն ստանան այն ընկերությունները, որոնք անտեսում են աղքատության դեմ պայքարը կամ ապականում են շրջակա միջավայրը:

«Բարի առաքելությունը պետք է լինի չափանիշը, որով ընտրվելու են օգնություն ստանալու արժանի ընկերությունները», - ասել է Հռոմի պապը:

XS
SM
MD
LG