Շիրակի մարզում ևս վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազում է

Շիրակի մարզում, ինչպես ողջ Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազում է: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 38 պացիենտ է բուժում ստանում:

Ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի` նվազում է նաև տնային մեկուսացման մեջ գտնվողների թիվը. - «Տնային մեկուսացման մեջ 559, որից 127-ի մոտ է դրական հաստատված դեպք: Ընդհանուր պետք է ասել, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում մեզ մոտ գրանցվում է դեպքերի նվազում»:

Հուլիսի առաջին 2 շաբաթներին մարզում կորոնավիրուսի պիկը գրանցվեց: Իրավիճակը մարզում բավականին լարված էր. - «Պիկին զուգահեռ մեր մարզում էլ էր լարված իրավիճակ, իհարկե, հանրապետության թվերի համեմատ մեզ մոտ թվերը բարձր չէին շատ, բայց մեզ մոտ էլ էր լարված: Նաև մասնագետների կարծիքն է, որ այո, մենք այդ պիկն արդեն անցել ենք: Պիկն իրենից ներկայացնում է պլատոյի ուղիղ գիծը, երբ ամեն օր բավականին բարձր թվեր էին գրանցվում: Դա տևեց մոտ երկու շաբաթ, հետո աստիճանաբար կորն սկսեց նվազել: Հիմա և՛ ամբողջ հանրապետության մասշտաբով է կորի նվազում նկատվում, և՛ բնականաբար, հանրապետության ֆոնի վրա նաև մեր մարզում ֆիքսում ենք թվերի նվազում»:

Երեկ կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել: Նոր օջախներ չկան. - «Դրանք ոչ թե օջախներ են, այլ եզակի դեպքեր են, որը չի կարող չլինել, ինքը ճիշտ է` կֆիքսի, բայց ոչ այդպես մեծ ինտենսիվությամբ: Նոր օջախ այս պահին մարզում չունենք»:

Կորոնավիրուսի 2 օջախներ էին հաստատվել հատուկ հաստատություններում՝ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում՝ ծերերի տուն ինտերնատում և թիվ 2 գիշերօթիկում` և շահառուների, և աշխատակիցների շրջանում։ 2 հաստատությունում էլ, ըստ Լեյլի Ասլանյանի, վիճակը կայուն է. - «2 օջախում էլ մենք այս պահին լրիվ կայուն վիճակում ենք: Ծերանոցում բոլոր շահառուներն արդեն տեղում են, ստացիոնար բուժման շահառուներ չունենք: Ցավալիորեն այնտեղ գրանցվեց 5 մահ հենց կորոնավիրուսային վարակով պայմանավորված, բայց այս պահին որևէ ստացիոնար բուժվող շահառու չունենք, բոլորը տեղում են, և տեղում էլ ընդամենը ունենք 4 դեպք` երկուսը` աշխատակցի մոտ, երկուսը` շահառուի: Իհարկե, շահառուները մեկուսացման մեջ են, իրենք մոտ օրերս մեկուսացումից դուրս կգան: Բավականին կայուն վիճակ է նաև գիշերօթիկում, վարակը մարեց այնտեղ»:

Մարզում կորոնավիրուսի հետևանքով մահվան 36 դեպք է արձանագրվել: Իսկ համավարակից մինչև օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված հիվանդների թիվը 1912 է: