Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գյումրիում տուրիզմի ոլորտը ճգնաժամային վիճակում է:
Այս տարվա ընթացքում տուրիստական մեծ հոսքեր ակնկալող քաղաքում վերջին ամիսներին հյուրատներ, ռեստորաններ ու սրճարաններ են փակվել: Հյուրանոցներն ու սպասարկման ոլորտում գործող այլ հաստատություններն էլ ֆինանսական լուրջ խնդրի առաջ են կանգնած:
«Պետական աջակցության ծրագրերը որևէ ընկերության համար մատից փուշ չհանեցին», - ասում է Գյումրիում գործող տուրիստական ընկերություններից մեկի ղեկավար Լիզա Գասպարյանը:
Նրա կարծիքով, տուրիստական հոսքի աննախադեպ նվազման պայմաններում ոլորտն ունի հարկային արտոնությունների անհրաժեշտություն. – «Իհարկե հասկանում եմ, որ ընդհանուր երկրի մակարդակով պետական բյուջեի համար մի ուրիշ ապտակ էլ դա կլիներ, բայց մի քիչ անարդար է, երբ ընկերությունները չեն աշխատում, ընկերությունները չունեն մուտքեր, բայց ամեն դեպքում վճարումներ անում են»:
Անցած տարի գրանցված տուրիստական աննախադեպ հոսքին այս տարի հաջորդեց աննախադեպ անկումը: Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի տվյալներով, անցած տարի Գյումրին գիշերակացով 75 հազար զբոսաշրջիկ է ընդունել և շուրջ 150 հազար` առանց գիշերակացի:
Լիզա Գասպարյանի խոսքով, համավարկը փոխել է նաև զբոսաշրջիկների նախասիրությունները: Եթե անցած տարի «թրենդում» Գյումրին էր, ապա այս տարի նախընտրելին գյուղական բնակավայրերն են. – «Շիրակի մարզի համայնքներն են այս ժամանակահատվածում ավելի շատ պահանջված: Որովհետև շատ ավելի հով է, բնության գրկում են: Հետո մարդիկ ավելի անվտանգ են համարում գյուղական բնակավայրերը, բնության գրկում հանգստանալը: Հիմնականում շատ գնում են սրբավայրեր: Դա այս տարի կարծես թե թրենդային ուղղություններից մեկն է»:
Հանգստյան օրերին Գյումրում տուրիստների որոշակի ակտիվություն նկատվում է: Զբոսաշրջիների ոչ մեծ խմբեր այցելում են հիմնականում առանց գիշերակացի. – «Շաբաթ-կիրակի օրերին թեթև ակտիվություն նկատվում է քաղաքում: Ոչ այն ակտիվությունը, որ ունեինք նախորդ տարիներին»:
Անցած տարի Գյումրիի նորաբաց ռեստորաններից մեկում չէին հասցնում զբոսաշրջիկներին սպասարկել: Այս տարվա հուլիսի կեսերից էլ որոշակի ակտիվություն նկատել են:
Ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյան. – «Համեմատած մյուս ամիսների հետ, հուլիս ամսի երկրորդ կեսը նկատվում է մի փոքր շարժ: Ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին, բնականաբար` ավելի շատ: Այս տարի 50 տոկոսով քիչ է»:
Բիզնեսը վնասով է այս պահին աշխատում, թե երբ այսպես ասած զրոական մակարդակի կմոտենան, Հարությունյանը դժվարանում է ասել. – «Իմ կարծիքով, շատ շուտ է դեռ խոսել զրոյին գալու մասին, որովհետև մինուսով ես աշխատում ներկա պահին: Բավականին աշխատանքներ պետք է տարվեն, որ կարողանաս հասնես զրոյի, հետո նոր արդեն մտածես եկամուտի մասին»:
Շիրակի տուրիզմի զարգացման ու հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանն ասում է, որ Շիրակի մարզ այս պահին տուրիստական հոսքը քիչ է, քանի որ մարզը կանաչ գոտի գրեթե չունի. – «Մենք բնություն չունենք առհասարակ Շիրակի մարզում: Իսկ այսօր մարդիկ նախընտրում են գնալ բնության գրկում հանգստանալ, քաղաքից հեռու լինել, մարդկային շփումներից շատ հեռու լինել: Մենք մոտ, ցավոք, քանի որ բնություն չունենք, նաև ժամանցի կենտրոններ ու ժամանցի վայրեր չունենք բնության գրկում: Այդ պատճառով տուժել է մեր մարզը ոչ միայն համաճարակի պատճառով, այլ նաև քիչ բնություն ունենալու պատճառով»:
Ըստ Գրիգորյանի, անցած տարվա տուրիստական հոսքից ոգևորված որոշ գործածարներ վարկեր վերցրեցին, հյուրատներ կառուցելու նպատակով, սակայն հիմա ամեն ինչ կասեցված է. – «Ով ինչ սկսել էր, դադարեցրեց»:
Նրա խոսքով, մոտ մեկ տարի կապահանջվի, որ Գյումրին վերկանգնի նախորդ տարվա տուրիստական ցուցանիշը. – «Իրականում հիմա նկատելի է մի փոքր ակտիվություն: Բայց, ցավոք սրտի, դրանք ո'չ ազդում են տուրիստական կազմակերպությունների գործունեության վրա, ո'չ ռեստորանների, ո'չ հյուրանոցների... Որովհետև մարդիկ գալիս են, մի օր քաղաքում շրջում են, մի փոքր հաց են ուտում, ավելի շատ այցելում ճանաչված վայրեր: Ես կարծում եմ, որ մեզանից մի տարի ևս կպահանջվի, որ վերադառնանք գոնե 2019-ի իրավիճակին:
Գյումրիում տուրիստական հոսքն ապահովող գործոններից էին թանգարանները, բայց դրանց գործունեությունը արտակարգ դրության պայմաններում պարետատունը կասեցրել է, վերաբացման ժամկետներն առայժմ պարզ չեն: