Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի նահանջի միտում է նկատվում։ Երեկ թեստավորված 1848 քաղաքացուց 288-ն են վարակված եղել։ Մահացել է երկու մարդ։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում է 68 հիվանդ. - «Օգոստոսի 5-ի դրությամբ ծանր հիվանդների թիվը 300-ն է, իսկ ծայրահեղ ծանրը` 68-ը, և թոքերի օդափոխության սարքին միացված է 24 պացիենտ»:
Համաճարակի նահանջով էլ պայմանավորված է կորոնավարակակիրներին բուժող հիվանդանոցների թվի կրճատումը։ Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ` հինգ հիվանդանոցից դուրս են գրվել Covid-19-ով վարակված վերջին հիվանդները. - «Դրանք են` Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Դիլիջանի բժշկական կենտրոնը, Վեդու բժշկական կենտրոնը, «Արմենիա»` Հանրապետական բժշկական կենտրոնի բաժանմունքը և «Աստղիկի» բաժանմունքը: Վերջին հինգն արդեն չեն սպասարկում Covid-ով հիվանդներին»:
Մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 770 հոգի։ Վարակվածների թիվը մոտենում է 40 հազարին։ Այժմ տանը կամ հիվանդանոցներում բուժվում է 7 հազար 738 վարակակիր։ Նախօրեին ապաքինվել է 478 մարդ։
Այս պահին վարակվածության նվազման միտում կա, հաստաատում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը, բայց կարծում է՝ այս տվյալները բավարար չեն պնդելու, որ համաճարակը մարում է. - «Ավելի շուտ մենք կարող ենք ասել, որ այն միջոցառումները, որ մենք ձեռնարկում ենք, որոշակի արդյունք են մեզ բերում»:
Ըստ նրա՝ նահանջող թվերը մասսայական դիմակներ կրելու ու հակահամաճարակային կանոնները պատշաճ պահպանելու արդյունք են. - «Օբյեկտիվ պետք է լինենք, և դիմակների կրումն է ավելի դարձել կարգապահ, ավելի է կիրառվում, և մյուս բոլոր բաներն են ավելի կարգապահ, և նույն այդ հանգստյան վայրերում բավականին հետամուտ են լինում պահանջների կատարմանը»:
Հայաստանը կորոնավիրուսի հաղթահարման փուլում է, անցած շաբաթ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հորդորելով շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։ Քննարկվում է արտակարգ դրությունը մեղմացնելու, կրթական ու մշակութային հաստատությունների վերաբացման հարցը։ Արդյոք սա վարակի բռնկման չի հանգեցնի։ Վերջին շրջանի վիճակագրությունը բավարա՞ր է բնականոն կյանքին վերադառնալու համար։
«Այն, ինչ որ մեղմացվում է, կամ այն գործողությունները, որոնք վերաբացվելու են, դրանք վերաբացվելու են նոր պայմաններով` կանխարգելիչ միջոցառումներով, որոշակի իրենց գործունեության ձևի իրականացման փոփոխություններով, որոնք նվազեցնեն կամ չեզոքացնեն վարակի տարածման ռիսկը», - ասաց Նունե Բակունցը:
Սահմանափակումների թուլացումը դեռ չի նշանակում դիմակներից ու անվտանգության կանոններից ազատագրում։ Նունե Բակունցն ասում է` բնականոն կյանքին վերադառնալու դեպքում ավելի զգոն պետք է լինել, հակառակ դեպքում կանխատեսումները մռայլ են. - «Դիմակներ կրելու պահանջը և ժամկետները, բնականաբար, կքննարկվեն և համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն հանրությանը, և պահանջը կդրվի, բայց որ սա արդյունավետ է և իր արդյունքը տալիս է, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող»:
Մեկ շաբաթից կլրանա երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարաձգելուն կողմնակից չէ:
Այս պահին կառավարությունը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակում, որ համավարակի սրացման դեպքում առանց արտակարգ դրություն հայտարարելու հնարավոր լինի կիրառել սահմանափակումներ։