Մատչելիության հղումներ

Անցած օրվա ընթացքում Շիրակի մարզում կորոնավիրուսի 26 նոր դեպք է արձանագրվել


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր իրականացրին Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում ու երեխաների խնամքի գիշերօթիկում։

Այս երկու փակ հաստատություններում ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել, ինչպես անձնակազմի այնպես էլ շահառուների շրջանում։ Տեսչական մարմնի հիգիենիկ, համաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանն ասաց, որ իրենք ոչ թե կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակն են ստուգում, այլ թե որքանով են հաստատություններում պահպանվում պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերը:

Գիշերօթիկում երեխաների շրջանում այսօր մեկ նոր դեպք է գրանցվել: Զատիկյանը նշեց, որ երեխային մեկուսացրել են: «Այսօր արձանագրվել է մեկ դեպք, որը 14 օր հետո արդեն, երբ հետազոտություն է արվել բոլոր երեխաներին, հայտնաբերվել է ևս մեկ հիվանդ: մեկուսացրել են արդեն այդ երեխային և փաստորեն իրենք 14 օր նորից այդ միջոցառումները պետք է կազմակերպեն, այդ գործընթացը 14 օր պիտի շարունակվի», - ասաց Համաճարակային վերահսկողության բաժնի պետը:

Ըստ գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանի, հաստատությունում փետրվարից կարանտինային ռեժիմ է գործել: Աշխատել են հերթապահությունով, իսկ երեխաները գիշերօթիկից տուն չեն գնացել: Այդուհանդերձ, վիրուսը փակ հաստատություն է մուտք գործել, թե ինչպես, ըստ տնօրենի, պարզ չէ:

«Հերթապահության ընթացքում նմանատիպ խնդիրներ չեն առաջացել, նման հարց ես նաև ուղղեցի նմուշառում իրականացնող բժիշկներին, իրենք ասացին, որ միգուցե ինկուբացիոն շրջան է ունեցել նոր խումբը, որ պետք է թեստավորվեր, և այդպես վարակը նաև ներթափանցեց հաստատություն: Ընդհանրապես երեխաները ձմեռվանից տուն չեն գնացել, մենք դեռ փետրվարից կարանտինային ռեժիմի մեջ ենք», - նշեց Կարապետյանը:

«Ազատության» հարցին, թե այս պահին քանի՞ վարակակիր կա, տնօրենը պատասխանեց. «Ի սկզբանե, երբ մեր մոտ բռնկումը եղավ, 5 աշխատակից և 10 երեխա, երեկ լրացավ մեր 14-րդ օրը, մենք իրականացրել ենք թեստավորում, բոլորը բացասական են: Թեստավորում է իրականացվել նաև կոնտակտավորների հետ, սակայն մեկ երեխայի մետ դրական արդյունք է եղել»:

Շուրջ 100 անձանց սպասարկող տարեցների խնամքի կենտրոնում էլ վարակվել են նրանց գրեթե կեսը՝ կորոնավիրուսը հաստատվել է 56 տարեցի մոտ, նրանցից 5-ը մահացել են։ Եվս 12 անձ էլ վարակվել է սպասարկող անձնակազմից։

Երեկ այստեղ մեկ նոր դեպք էր արձանագրվել։ Այժմ կենտրոնը խիստ հսկողության տակ է։ Այսօր ստուգման արդյունքում այստեղ ևս տեսչական մարմինը անվտանգության նորմերի խախտումներ չարձանագրեց:

Անցած օրվա ընթացքում Շիրակի մարզում կորոնավիրուսի 26 նոր դեպք է արձանագրվել: Համավարակի մեկնարկից մինչ օրս Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 1712 դեպք:

XS
SM
MD
LG