Բելառուսի նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն պնդում է, որ Կրեմլը որոշել է չեզոք դիրք զբաղեցնել օգոստոսի 9-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին և չսատարել թեկնածուներից ոչ մեկին, ներառյալ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Ուկրաինական կայքերից մեկին տված հարցազրույցում Ցեպկալոն ասել է, թե Ռուսաստանի ղեկավարությունն, իր տվայլներով, նման որոշում է կայացրել, քանի որ «չի ցանկանում կռվել բելառուս ժողովրդի հետ»:
Ռուսաստանի իշխանությունները նրա կարծիքով, չեն ուզում բաց աջակցել Լուկաշենկոյին, քանի որ վստահ չեն, որ նա կկարողանա պահպանել իշխանությունը և եթե աջակցեն, հնարավոր է դառնան բելառուսցիների թշնամին: Մյուս կողմից Կրեմլը չի կարող նաև բաց աջակցել Լուկաշենկոյի հակառակորդներին, որովհետև «հազար ու մի պայմանավորվածություն ունի Լուկաշենկոյի հետ»:
Ցեպկալոն վերջերս Մինսկից տեղափոխվել էր Մոսկվա՝ հայտարարելով, թե Բելառուսի իշխանությունները պատրաստվում են նրան ձերբակալել: Այսօր հայտնի դարձավ, որ Ցեպկալոն Մոսկվայից տեղափոխվել է Կիև:
Վալերի Ցեպկալոյի կինը, ինչպես մյուսի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի կինը, միացել է Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը այսօր համարվող Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբին և նրա հետ միասին մասնակցում են մարդաշատ հանրահավաքների: Բելառուսցի ընդդիմադիրի խոսքով՝ Մոսկվան այս իրավիճակում ընտրել է միակ ճիշտ դիրքորոշումը՝ չպաշտպանել թեկնածուներից ոչ մեկին:
Ցեպկալոն նախկին դիվանագետ, գործարար և թոփ-մենեջեր է, գարնանը նա անսպասելիորեն առաջադրեց իր թեկնածությունն ընտրություններին և բանկիր Վիկտոր Բաբարիկոյի հետ միասին դարձավ Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցներից մեկը: Ոչ նրան, ոչ էլ կալանավորված Բաբարիկոյին, սակայն, Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես թեկնածու չի գրանցել:
Ցեպկալոն նաև բաց նամակով դիմել է 32 երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել, որպեսզի Բելառուսում անցնեն ազատ և արդար նախագահական ընտրություններ: 32 երկրների շարքում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն այս ցանկում չկա:
Նախագահական քարոզարշավի շրջանակներում մինչդեռ տեղի են ունենում ընդդիմադիրների աննախադեպ մարդաշատ հանրահավաքներ Բելառուսի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մինսկում: Մարդաշատ բողոքի ակցիաների հետ զուգահեռ կտրուկ վատացել են Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները: Լուկաշենկոն Մոսկվային ուղղակիորեն մեղադրում է ընտրություններին միջամտելու մեջ, սակայն Վլադիրմիր Պուտինի անունը չի տալիս:
Մինսկը և Մոսկվան 2018 թվականից բանակցություններ էին սկսել ինտեգրման խորացման շուրջ, որոնք փաստացի տապալվել էին անցած դեկտեմբերին: Բելառուսի նախագահը բազմիցս խոսել է Ռուսաստանի կողմից իր վրա գործադրվող ճնշումների և երկրի ինքնիշխանությունը սահմանափակելու փորձերի մասին: Մի քանի օր առաջ էլ Բելառուսի իշխանությունները ձերբակալել էին Ռուսաստանի 33 քաղաքացու, որոնց իրավապահները մեղադրում են անկարգություններ նախապատրաստելու մեջ: Նշվում է, որ նրանք «Վագներ» մասնավոր բանակի վարձկաններ են:
Մոսկվան մեղադրանքները հերքել է: Բելառուսում Ռուսաստանի հյուպատոսը պնդում է, որ Մինսկում ձերբակալված ռուսաստանցիները պատրաստվում էին մեկնել Մինսկից Ստամբուլ, իսկ Ստամբուլից էլ՝ Լատինամերիկյան մի երկիր, և որ այդ մարդիկ որևէ կապ չունեին Բելառուսում տեղի ունեցող նախընտրական գործընթացների հետ:
Հետաքրքիր է, որ և՛ Կրեմլը, և՛ ՌԴ արտգործնախարարությունը բավականին մեղմ ձևակերպումներ են օգտագործում Մինսկի հետ այս հակամարտությունում, սակայն ռուսական պետական շատ լրատվամիջոցներ, ինչպես նաև Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս Լուկաշենկոյի հասցեին կոշտ քննադատությամբ: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մասնավորապես, նույնիսկ կոչ է արել Լուկաշենկոյին հանել իր թեկնածությունը և նորմալ ընտրություններ անցկացնել:
Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան արդեն ասել է, որ ընտրվելու դեպքում կես տարի անց կազմակերպելու է նոր նախագահական ընտրություններ և հայտարարել է, որ դեմ է Բելառուս-Ռուսաստան միութենական պետության գաղափարին: Ավելին, նա նաև ասել է, թե իրավական տեսանկյունից, Ղրիմն Ուկրաինայի տարածքն է:
Փորձագետները դժվարանում են կանխատեսումներ անել, որովհետև պարզ չէ, թե ինչ քաղաքականություն կորդեգրի բելառուսական իշխանությունը: Բելառուսցի փորձագետներից մեկն, օրինակ, ասում է. «Եթե օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի փողոցներ դուրս գա 25-30 հազար մարդ, ՕՄՕՆ-ը նրանց կջարդի և կցրի, ինչպես 2010-ին, իսկ եթե 100 հազար մարդ, լրիվ այլ իրավիճակ է, և իշխանությունները երկար կմտածեն՝ ցրե՞ն նման մեծ քանակի մարդկանց, թե՞ ոչ, քանի որ այդ դեպքում շատ փխրուն է այն սահմանը, որը բաժանում է բելառուսական իրադարձությունները ուկրաինական մայդանից: Իշխանությունները նույնպես համոզված չեն, որ կկարողանան ցրել մարդկանց այնպես, որ նրանք գնան իրենց տներն ու բելառուսական մայդան չլինի»: