Մատչելիության հղումներ

Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիների դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործեր են հարուցվում


Բելառուսի նախագահի գրանցված թեկնածու Անդրեյ Դմիտրիևը հայտարարել է, որ երկրի Անվտանգության խորհուրդը պնդում է, թե Ռուսաստանը Բելառուս ուղարկելու համար գրոհայիններ էր պատրաստում: Դմիտրիևն այս հայտարարությունն արել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Ռավկովը: Վերջինս պատմել է, որ «Վագներ» մասնավոր բանակի երեք ձերբակալված վարձկաններն արդեն ցուցմունք են տալիս, և նրանցից ոմանք խոստավանել են, որ Բելառուս են եկել հեղափոխություն անելու համար:

Ձերբակալված ռուսաստանցիների դեմ հարուցվում են քրեական գործեր ահաբեկչության հոդվածով: Նրանց մի մասը կապ է ունեցել նաև Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Ուկրաինայի արտգործնախարարությունը չի բացառել, որ կդիմի Բելառուսի իշխանություններին ձերբակալվածների մի քանիսին Ուկրաինային հանձնելու հարցով:

Բելառուսցի քաղաքագետ Վալերի Կարբալևիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հնարավոր է համարել, որ «Վագների» վարձկանների ձերբակալությունը Բելառուսի նախընտրական արշավի շրջանակներում մշակված ռազմավարություն է: Նրա կարծիքով, Բելառուսի իշխանություններն այդպիսով ուզում են ցույց տալ, որ իրավիճակը երկրնում ապակայունացնում են դրսից:

Երեկ Բելառուսի իրավապահները Մինսկում ձերբակալել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 32 գրոհայինների: Ինչպես «Բելտա» հեռուստաընկերությանը պատմել են իրավապահ մարմինները, ավելի վաղ տեղեկություն էին ստացել, որ Բելառուս են ժամանել ավելի քան 200 վարձկան` ընտրարշավի ընթացքում իրավիճակը ապակայունացնելու համար: Հեռուստաընկերությունը հրապարակել էր վարձկանների ցուցակը, նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Հետաքրքիր է, որ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններին Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը այս պահին Սվետլանա Տիխանովսկայան է, ով դեմ է արտահայտվում Ռուսաստանի հետ ինտեգրմանը, հայտարարում է, թե իրավական տեսանկյունից Ղրիմը պատկանում է Ուկրաինային:

Այս կոնտեքստում «Վագների» գործունեությունը Բելառուսում տրամաբանական չէ, քանի որ Ռուսաստանի թեկնածուն համարվող Վիկտոր Բաբարիկոյին բելառուսական իշխանությունները ձերբակալել են և չեն գրանցել որպես նախագահի թեկնածու:

Բելառուսում իրավապահները ձերբակալում են նաև լրագրողների, բողոքի հավաքների ակտիվիստների, նախագահի չգրանցված թեկնածուների:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան դեռ լիարժեք տեղեկատվություն չունի, թե ինչ է տեղի ունեցել Մինսկում. – «Մենք գիտենք, որ 33 քաղաքացու ձերբակալել են Բելառուսում, ևս 200-ը հետախուզման մեջ են: Սակայն բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչի համար են նրանց ձերբակալել»:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև այս հարցով հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ:

Հավելենք, որ Ռուսաստանում «Վագներ»-ի գործունեությունն օրենքից դուրս է, քանի որ երկրի օրենսդրությունն արգելում է մասնավոր բանակների գործունեությունը երկրի տարածքում: «Վագները» կապում են Վլադիմիր Պուտինի մտերիմ թիմակից, որպես Պուտինի խոհարար հայտնի, գործարար Եվգենի Պրիգոժինի հետ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Անվտանգության խորհրդի շտապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ ասել էր, թե կատարվածն արտակարգ իրավիճակ է. – «Ռուսաստանցիներն ասում են իբր Բելառուսի իշխանություններն են վարձկաններ բերել»:

Լուկաշենկոն դա բացատրել է նրանով, որ Ռուսաստանը փորձում է «ինչ-որ կերպ արդարացնել իր կեղտոտ մտադրությունները»:

XS
SM
MD
LG