Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները այսօր քննարկելու են 2 երկրների ինտեգրման հարցերը


Բողոքի ակցիա Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ, Բելառուս, 7-ը դեկտեմբերի, 2019թ․
Բողոքի ակցիա Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ, Բելառուս, 7-ը դեկտեմբերի, 2019թ․

Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկելու են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում, Անկախության պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Հարյուրավոր ցուցարարներ կենդանի շղթա են կազմել: Նրանք պահում են նաև սպիտակ-կարմիր-սպիտակ գույնի դրոշներ, որը մինչև 1995 թվականը Բելառուսի պետական դրոշն էր:

Դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Բելառուսի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի:

1999 թվականին Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր են ստորագրել միութենական պետություն ստեղծելու մասին: Այդ պայմանագիրը ենթադրում է ունենալ միասնական դրամ, դատարան և մաքսային ծառայություն:

Երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը քննարկվում են համաձայնագրի ստորագրման 20-ամյակի նախաշեմին:

1990-ականների կեսերին Հայաստանում ևս նախաձեռնություն էր սկսվել ռուս-բելառուսական միությանը միանալու պահանջով: Երևանի կենտրոնում գրասենյակ էր բացվել, որի ակտիվիստները ստորագրահավաք էին անցկացնում երկրով մեկ: Սակայն Հայաստանի իշխանությունները այդ նախաձեռնությունը հակասահմանադրական համարեցին, հայտարարելով, որ այն ուղղված է երկրի անկախության և ինքնիշխանության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG