Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնության չեն հասնում


Բելառուսի ընդդիմության երթը, Մինսկ, 8-ը դեկտեմբերի, 2019թ.
Բելառուսի ընդդիմության երթը, Մինսկ, 8-ը դեկտեմբերի, 2019թ.

Վեց կիլոմետրանոց երթ հինգ ժամվա ընթացքում՝ առանց ձերբակալության. սա բելառուսական ընդդիմության թերևս այն հազվադեպ հավաքներից էր, որը ոչ միայն չի ավարտվել ոստիկանական ուժի կիրառմամբ, ձերբակալություններով, այլ նաև երթի ընթացքում ճանապարհային ոստիկանությունն անձամբ է ուղեկցել ցուցարարներին, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ ինտեգրացիայի էլ ավելի խորացմանը:

Ընդամենը մեկ ամիս առաջ նույն ընդդիմության ցույցի ընթացքում ոչ միայն ցուցարարները, այլ նաև լրագրողներն էին բռնությունների ենթարկվել: Մինչ բելառուսական արևմտամետ ընդդիմությունը բողոքի խաղաղ ակցիաներ էր իրականացնում մայրաքաղաք Մինսկի կենտրոնական փողոցներում, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում հանդիպում էր ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Երկու նախագահներն այդ հանդիպման արդյունքներով պետք է ստորագրեին ինտեգրացիայի խորացման մասին համաձայնագիրը, որը նվիրվելու էր Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման քսանամյակին: Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ հինգուկես ժամ տևած բանակցությունների միակ արդյունքը, սակայն, կրկին հանդիպելու մասին պայմանավորվածությունն է: Մոտ երկու շաբաթ հետո նրանք շարունակելու են քննարկումները Սանկտ Պետերբուրգում: Թե ինչ են քննարկելու նախագահները, ինչու կողմերին չի հաջողվել պայմանավորվածությունների հասնել, հայտնի չէ:

Հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության և մամուլի ասուլիսի, թեև նախապես պլանավորված էր: Փոխարենը Պուտինն ու Լուկաշենկոն նվերներով են փոխանակվել. Պուտինը Լուկաշենկոյին կանաչ գույնի ինքնաեռ թեյնիկ է նվիրել, Լուկաշենկոն Սոչի էր բերել քաղցրավենիքով, պանրով և բելառուսական ճարպով լի զամբյուղ: Ռուասաստանի և Բելառուսի նախագահների պայմանավորվածությունների մասին նախնական տեքստը, որը պետք է հանդիսավոր ստորագրվեր Սոչիում, պաշտոնապես այդպես էլ չի հրապարակվել:

Լրատվամիջոցները, վկայակոչելով փաստաթղթի բովանդակությանը քաջատեղյակ իրենց աղբյուրները, նշում են, որ խոսքը ավելի խորը տնտեսական ինտեգրացիայի մասին է՝ ընդհուպ միասնական հարկային և քաղաքացիական օրենսգիրք: Ըստ այդ պնդումների՝ Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են նաև մասնակի միավորել բանկային վերահսկողությունը և միասնական արտաքին առևտրի ռեժիմ սահմանել: Բացի այդ, 2021-ից էլ պլանավորվում է միասնական կանոնակարգ սահմանել սահմանային և էներգետիկ ոլորտներում:

Մոսկվան ու Մինսկը դեռևս 1999 թվականին Միութենական պետության մասին պայմանագիր են կնքել, որը սակայն դեռ թղթի վրա է: Կողմերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ անգամ դրա իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ:

Հերթական այս հանդիպումը հաջորդել է ռուս-բելառուսական հարաբերություններում խնդրո առարկա դարձած էներգակիրների՝ ավելի ճիշտ նավթի ու գազի գների շուրջ հերթական սուր տարաձայնությունների ֆոնին. երկու նախագահների բանակցությունների մեկնարկին, ի դեպ, հոսանքը անսպասելի անջատվեց:

«Էլեկտրաէներգիան սպառվեց», - կատակով արձագանքել է Պուտինը:

Ուղիղ տասը տարի առաջ հենց նույն Սոչիում Լուկաշենկոն պահանջում էր՝ ռուսական գազի և նավթի գները լինեն այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի ներսում են: Տասը տարի անց, սակայն, փոխվել է պաշտոնական Մինսկի պահանջը, բայց ոչ Կրեմլի դիրքորոշումը: Լուկաշենկոն հիմա էլ պահանջում է ռուսաստանյան սպառողների համար բարձրացնել գները՝ միևնույն տնտեսական գոտում գտնվող երկրների միջև մրցակցության սկզբունքները չխախտելու համար:

XS
SM
MD
LG