Մատչելիության հղումներ

Բելառուսում իրավապահները ձերբակալել են «Վագներ» ընկերության 32 գրոհայինների


Իրավապահները ձերբակալում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհայինի, Բելառուս, 29-ը հուլիսի, 2020թ
Իրավապահները ձերբակալում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհայինի, Բելառուս, 29-ը հուլիսի, 2020թ

Այս գիշեր Բելառուսի իրավապահները Մինսկի մերձակայքում ձերբակալել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 32 գրոհայինների:

Ինչպես «Բելտա» հեռուստաընկերությանը պատմել են իրավապահ մարմինները, ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Բելառուս է ժամանել ավելի քան 200 գրոհային՝ ընտրարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար: Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը մայրաքաղաք ժամանելուց հետո «Վագներ»-ի գրոհայինները բնակություն են հաստատել Մինսկի հյուրանոցներից մեկում, իսկ հուլիսի 27-ին տեղափոխվել են Մինսկի շրջանի առողջարաններից մեկը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է գրոհայինների ցուցակը, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքե՞ր են մնացած գորհայինները, իրավապահները չեն հայտնում:

Հետաքրքիր է, որ այս պահին Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ինտեգրմանը, իսկ Լուկաշենկոյի հիմնական կարգախոսներից մեկը Բելառուսի ինքնիշխանությունն է: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ երրորդ ուժերը կփորձեն ապակայունացնել իրավիճակը Բելառուսում նախագահական ընտրությունների ժամանակ:

Իրավապահները ձերբակալում են նաև լրագրողների, բողոքի հավաքներին մասնակցող ակտիվիստների:

Մինչ Բելառուսի նախագահի գրանցված թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տասնյակ հազարավոր մարդկանց է հավաքում իր նախընտրական հանրահավաքներին, Բելառուսի իշխանությունները հրապարակել են հարցման նոր արդյունքներ, որոնց համաձայն, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վայելում է բելառուսցիների գերակշռող մասի աջակցությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով 6-րդ անգամ է առաջադրվել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, պատրաստ է աջակցել Բելառուսի քաղաքացիների 72,3 տոկոսը: Այս մասին են վկայում Ecoom վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալները:

Բելառուսցի օգտատերերի շրջանում ավելի վաղ տարածվել էին մեկ այլ հարցման արդյունքներ: Նախագահի գրանցված մեկ այլ թեկնածու Սերգեյ Չերեչենը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ամերիկյան Gallup վերլուծական կենտրոնի հեռախոսային հարցման հնարավոր արդյունքները:

Gallup-ի պաշտոնական կայքում հարցման արդյունքները կամ անցկացման մասին տեղեկություններ, սակայն, չեն հրապարակվել: Ամեն դեպքում այս հնարավոր հարցման արդյունքների համաձայն, գործող նախագահն ունի 8,4 տոկոս, Չերեչենը՝ 9 տոկոս, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 65,4 տոկոս:

Տիխանովսկայան ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսը պետք է դուրս գա Բելառուս-Ռուսաստան միասնական պետությունից և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարի: Իսկ երեկ նա ստիպված է եղել պատասխանել նաև Ղրիմի պատկանելիության մասին հարցին: Տիխանովսկայան ասել է, որ իրավական առումով Ղրիմն Ուկրաինայի տարածքն է, սակայն դե ֆակտո Ռուսաստանին է պատկանում:

Սվետլանա Տիխանովսկայան որոշել էր մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ հայտնի ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ձերբակալել էին:

Մինչ նախընտրական արշավի մեկնարկը բելառուսցի քաղաքագետները համարում էին, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներն են ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալոն, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին և «Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոն, ով որոշ տեղեկություններով վայելում էր Մոսկվայի աջակցությունը:

Վերջին երկուսը՝ Բաբարիկոն և Տիխանովսկին ձերբակալված են, իսկ Ցեպկալոն էլ վերջերս իր տղաների հետ միասին փախել է Մոսկվա:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ թեկնածու է գրանցել օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Անդրեյ Դմիտրիևին, Աննա Կանոպացկայային, Սերգեյ Չերեչենին և Սվետլանա Տիխանովսկայային:

Չգրանցված թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոն և Վալերի Ցեպկալոն իրենց աջակիցներին կոչ են արել միավորվել և ընտրություններին իրենց ձայնը տալ Սվետլանա Տիխանովսկայային:

Անգլերենի ուսուցչուհի Տիխանովսկայան փաստացի դարձել է բելառուսական ընդդիմության առաջնորդը և Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը: Ալեքսանդր Լուկաշենկոն չնայած իր դեմ բազմահազարանոց բողոքի հավաքներին, մտադիր է պայքարել իշխանության համար և նույնիսկ սպառնում է բելառուսցիներին՝ ասելով՝ թույլ չի տա, որ Բելառուսում լինի մայդան: Նա ի տարբերություն Տիխանովսկայայի մեծ հավաքներ դեռ չի անցկացրել, փոխարենը երեկ գնացել էր Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը, որտեղ հայտարարել էր, թե իրավապահների վրա հարձակման փորձերը պետք է անմիջապես կասեցվեն:

«Տեսել եմ Մինսկում փողոցային ակցիաներից մեկի կադրերը, որտեղ մարդիկ հարձակվում են ոստիկանության վրա և նույնիսկ ոտքերով հարվածում իրավապահներին: Տղաները պետք է հասկանան, որ նրանք իրենց տանն են և պետք է թույլ չտան նրանց ոտքերով հարվածել: Ոչ մի դեպքում չգնալ սադրանքների, բայց նաև թույլ չտալ նեղացնել իրավապահներին», - հայտարարել էր Բելառուսի նախագահը:

XS
SM
MD
LG