Մինսկի դատարանը կալանքի տակ է թողել Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին: «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավարին մեղադրում են կոռուպցիայի, փողերի լվացման և հարկային հանցագործությունների մեջ:
Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Բաբարիկոն համարվում է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։
Հունիսի կեսերին նախկին բանկիրն ու նրա որդին ձերբակալվել էին տնտեսական հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավարը նշել էր, որ Բաբարիկոյի կալանքի տակ գտնվելը չի ազդի ընտրություններին նրա մասնակցության վրա:
Այսօր՝ հուլիսի 3-ին, հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել փաստաթղթերի փաթեթ՝ Լուկաշենկոյին որպես նախագահի թեկնածու գրանցելու համար: Նման տեղեկատվությունը հրապարակել է հանձնաժողովը։
Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված ցուցակում ներկա են 7 թեկնածուներ՝ Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեպկալոն, Սերգեյ Չերչենը և Ալեքսանդր Լուկաշենկոն: Սակայն ոչ բոլորն են ներկայացրել անհրաժեշտ 100 հազար ստորագրություններ։ Ցեպկալոն ներկայացրել է 160 հազար ստորագրություններ, սակայն ԿԸՀ-ն գրանցել է միայն 75 հազար ստորագրություններ, մնացածն անվավեր է ճանաչել: Այս պահին Ցեպկալոն նախատեսում է վիճարկել հանձնաժողովի որոշումը։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահի թեկնածուների գրանցումը սկսվում է հուլիսի 5-ին և ավարտվում հուլիսի 14-ին:
Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք երկրներ փորձում են միջամտել Բելառուսի ներքին գործերին՝ այդ թվում նաև Ռուսաստանը։
Ռուսական «Գազպրոմ»-ի նախկին թոփ մենեջեր Բաբարիկոյին Բելառուսում համարում են Կրեմլի աջակցությունը վայելով քաղաքական գործիչ: Ռուսական և բելառուսական մամուլը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում երկու երկրների միջև լուրջ տարաձայնություններին, իրավիճակը փոքր ինչ մեղմել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մի քանի օր առաջ կայացած հանդիպումը։
Լուկաշենկոն և Պուտինը մասնակցել էին Ռուսաստանի Ռժև քաղաքում խորհրդային զինվորի արձանի բացմանը:
Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Լուկշենկոն հունիսի 30-ին քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինտեգրացիոն և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Բելառուսական մամուլը գրել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններից առաջ փորձում է ստանալ Կրեմլի աջակցությունը, հատկապես, որ երկրում վերջին շրջանում Լուկաշենկոյի դեմ լուրջ ընդդիմադիր արշավ է սկսվել, որին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ:
Բելառուսական և ոչ միայն բելառուսական մամուլը գրում է, որ ընտրական և հետընտրական շրջանը թեժ է լինելու:
Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից, և հաճախ է հայտարարում, որ Բելառուսում իշխանափոխության և «մայդանների» դեպքում երկիրը կկորցնի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։