Բելառուսի իրավապահները «Բելգազպրոմբանկ»-ի գործով առգրավել են 20 միլիոն դոլար արժողությամբ արվեստի գործեր: Խոսքը 150 նկարների մասին է, որոնք հայտնաբերվել են փողերի լվացման և հարկերից խուսափելու քրեական գործի շրջանակում իրականացված խուզարկությունների ընթացքում:
Այս իրադարձությանը հաջորդել է երկրի Ազգային բանկի որոշումը՝ հունիս 15-ից «Բելգազպրոմբանկ»-ում ժամանակավոր կառավարում մտցնելու մասին:
«Բելգազպրոմբանկ»-ը՝ ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը, ղեկավարում է Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Վիկտոր Բաբարիկոն։
Անցած շաբաթ «Բելգազպրոմբանկ»-ի 15 գործող և նախկին աշխատակիցներ ձերբակալվել են ֆինանսական մեքենայությունների գործով: Բելառուսի պետական վերահսկողական հանձնաժողովը պնդում է, որ առկա են «համոզիչ ապացույցներ» նաև Բաբարիկոյի հանցակցության վերաբերյալ, ով բանկը ղեկավարում է վերջին 20 տարվա ընթացքում:
Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսված են օգոստոսի 9-ին: Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից ի վեր, առաջադրվում է վեցերորդ անգամ: