Մատչելիության հղումներ

Բելառուսում իրավիճակը սրվում է նախագահական ընտրություններին ընդառաջ


Բելառուսի նախագահի պաշտոնի հավակնորդ Վիկտոր Բաբարիկո
Բելառուսի նախագահի պաշտոնի հավակնորդ Վիկտոր Բաբարիկո

Ռուսաստանի հետ վերջին տարիներին Բելառուսն ունի մի շարք խորքային տարաձայնություններ, այդ թվում էներգակիրների ոլորտում: Մինսկն անցած տարի փաստացի տապալեց Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գաղափարը վերակենդանացնելու Մոսկվայի փորձերը, իսկ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին շրջանում ակտիվ շփումներ է սկսել Արևմուտքի հետ:

Բելառուսցի փորձագետներն այս օրերին գրում են, որ Բելառուս – Եվրամիության, Բելառուս – Միացյալ Նահանգներ հարաբերությունների ապագան մեծապես կախված կլինի օգոստոսին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից, թե որքանով ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային կլինեն դրանք:

Ընտրությունների հետ կապված իրավիճակը Բելառուսում բարդացել է այն հանգամանքի պատճառով, որ գործող նախագահի հիմնական մրցակիցը «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր Վիկտոր Բաբարիկոն է, ով, բնական է, վայելում է Մոսկվայի աջակցությունը, սակայն հերքում է, թե նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը քննարկել է Մոսկվայի հետ:

Բաբարիկոյի և մյուս պոտենցիալ թեկնածուների դեմ իշխանությունները կոշտ պայքար են սկսել: Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը օգոստոսի այսօր իր մտահոգություն է հայտնել 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ երկրում քաղաքական հետապնդումների կապակցությամբ: Նրա խոսքով, կարևոր է, որ լիովին պահպանվեն մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, և իշխանություններն պայմաններ ապահովեն կառուցողական ու թափանցիկ մրցակցության համար: Դեսպանը կոչ է արել պահպանել օրինականությունը և թափանցիկ հետաքննություն անցկացնել Բելառուսի նախագահի պաշտոնի հավակնորդ Վիկտոր Բաբարիկոյի գործունեության հետ կապված: Նա նաև հույս է հայտնել, որ Բելառուսի իրավապահ մարմինները հետաքննում են այն անանուն հեռախոսային սպառնալիքները, որ ստանում է մեկ այլ պոտենցիալ թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

Դիվանագետը հավալել է, որ Եվրամիությունը մտահոգված է նաև ակտիվիստների դեմ դաժան վերաբերմունքի դեպքերով և իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր «կամայականորեն ձերբակալված» քաղաքացիներին:

Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի իշխանությունները երկրորդ քրեական գործն են հարուցել հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկու դեմ: Վերջինս հայտարարել են նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, իսկ ավելի ուշ, հարուցված քրեական գործերի ֆոնին, նրա կինը` Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնու փոխարեն մասնակցել ընտրություններին: Դրանից հետո սկսվել են սպառնալիքներով հեռախոսազանգերը: Միաժամանակ Բրեստում ձերբակալվել է Տիխանովսկայայի նախաձեռնող խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կաբանովը:

1994 թվականից Բելառուսի անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուսաշենկոյի հիմնական մրցակիցը, սակայն, Տիխանովսկայան չէ, այլ «Բելգազպրոմբանկի» նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոն, որի հետևում, բելառուսական ու արևմտյան մամուլի տվյալներով, կանգնած է Մոսկվան: Բելառուսում հետաքննություն է ընթանում Վիկտոր Բաբարիկոյի դեմ: «Բելգազպրոմբանկի» գրասենյակում խուզարկություններ են կատարվել, 15 մարդ ձերբակալվել է, քրեական գործեր են հարուցվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման և առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածներով:

Բայց Բաբարիկոն հայտարարում է, որ նույնիսկ եթե իրեն ձերբակալեն, չի հրաժարվելու նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունից և նախընտրական պայքարը կիրականացնի տեսակապի միջոցով:

Հունիսի 19-ին բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն հարյուր հազար ստորագրությունների ցուցակները: Բաբարիկոն երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Բելառուսի նախագահի ընտրությունների պատմության մեջ չի եղել դեպք, որ հարյուր հազար ստորագրություն ներկայացրած թեկնածուին չգրանցեն: «Մենք բոլոր պայմանները կատարում ենք», - ասել է Բաբարիկոն և հավելել, որ եթե իր թեկնածությունը չգրանցեն, կնշանակի, որ իշխանությունները հայտարարում են իրենց թուլության մասին, և ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում փողոց դուրս կբերեն իրենց հարյուր հազարավոր կողմնակիցներին:

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «ընտրություններից չի վախենում և մայդաններ Բելառուսում չեն լինելու»:

XS
SM
MD
LG