Բելառուսում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ` երեկ, առնվազն 110 մարդ է ձերբակալվել: Վերջիններս փողոց էին դուրս եկել` իրենց համերաշխությունը հայտնելու ընդդիմադիր թեկնածու, նախագահ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Վիկտոր Բաբարիկոյին, ով երկու օր է` ճաղերի ետևում է հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման ու հարկերից խուսափելու գործով:
Երեկ Բաբարիկոյի շտաբը հրապարակել է ձերբակալությունից առաջ տեսագրված նրա ուղերձը. ընդդիմադիր թեկնածուն առաջարկում է հանրաքվե անցկացնել և վերականգնել Սահմանադրության դրույթը, որն արգելում էր նախագահին երկու անգամից ավելի առաջադրվել:
Ի սկզբանե Մայր օրենքում ամրագրված այդ տողը հանվել է նախագահ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ, ով և հետագայում առաջադրվել ու հաղթել է երկրում անցկացված բոլոր ընտրություններում:
Միջազգային դիտորդները, սակայն, առաջին՝ 1994-ի ընտրություններից բացի, մյուս քվեարկությունները ժողովրդավարական չէին համարել:
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է երեկ տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները` կոչ անելով Մինսկին երաշխավորել սեփական քաղաքացիների ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքների իրավունքը:
Ազատազրկվածների մեջ կան նաև տասնյակ լրագրողներ, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակիցները: