«Բարգավաճ Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան

Չսպասելով «Լուսավոր Հայաստանին», Մայր օրենքի վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող «Բարգավաճ Հայաստանը» որոշեց հավաքած 26 պատգամավորների ստորագրությամբ որոշեց դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության քարտուղար Արման Աբովյանի, 25 ԲՀԿ-ականներին նաև որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է միացել:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներին չմասնակցած «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» Սահմանադրական դատարան դիմելու հարցով բանակցությունները նախօրեին արդյունք չտվեցին: «Լուսավոր Հայաստանը» կողմ էր «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը, բայց ոչ այս պահին, այլ Սահմանադրական դատարանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: Իսկ ԲՀԿ-ն կարծիք էր հայտնում, թե Ազգային ժողովում տեղի է ունեցել Սահմանադրական հեղաշրջում, Սահմանադրական դատարան պետք է դիմել օր առաջ:

Երեկ ուշ երեկոյան՝ գրեթե 10-ին Արման Աբովյանը Ֆեյսբուքում տեղեկացրեց, որ դիմումը էլեկտրոնային եղանակով են ներկայացրել: Վաղ առավոտյան, սակայն, Սահմանադրական դատարանում էին նույն խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը` արդեն թղթային տարբերակը ձեռքներին:

Նաիրա Զոհրաբյան. – «Որևէ մեկնաբանություն չի լինելու: Սահմանադրական դատարանը, Բարձր դատարանը կորոշի ընդունո՞ւմ է մեր դիմումը վարույթ, թե՞ ոչ»:

Մայր օրենքի համաձայն, ՍԴ դիմելու համար պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրությունն է անհրաժեշտ, այս` 132-հոգանոց Ազգային ժողովի դեպքում` առնվազն 27 պատգամավորի: Հենց այս հարցն էլ համացանցում երեկոյան ամենաքննարկվողն էր. այդ ի՞նչ մաթեմատիկա կիրառեցին, որ 132-ի մեկ հինգերորդը ստացվեց 26:

Սահմանադրական դատարան գնալու հարցով այս պահին ԲՀԿ-ին մերժած ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը կարծիք էր հայտնել, թե Սահմանադրական դատարանը իրավունք չունի վարույթ ընդունել «Բարգավաճ Հայաստանի» դիմումը, կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, այսինքն` 20 տոկոսը, իսկ 26 պատգամավորը կազմում է ընդամենը 19,7 տոկոս, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ մեկ հինգերորդից:

Իշխանականները ևս արձագանքեցին, այդ թվում` հեգնական գրառումներով: «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը հարց էր հնչեցրել` իսկ 36,6 աստիճան ջերմությունը կլորացվում է 37 թե՞ 36: Առողջապահության նախարարը, որը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, գրել էր. – ««Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը: 132 բաժանած 5-ի հավասար է 26,4, այսինքն` անհրաժեշտ մեկ հինգերորդը 27 պատգամավոր է, ոչ թե 26»:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան. – «Իրավաբանական հանրությունը էս հարցի վերաբերյալ բաժանվել է երկու տարբեր կարծիքի: Եկեք ո'չ ես գնահատական տամ իրավաչափ է, թե ոչ, ո'չ էլ իշխանական նախարարները, ովքեր իրենց գործը թողած երեկ դառել էին Էյնշտեյնը և մաթեմատիկական հաշվարկներ էին անում: Սահմանադրական դատարանը, Բարձր դատարանը կորոշի` վարույթ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Ես այդ հարցի վերաբերյալ այլ գնահատական այլևս չեմ տալու»:

Սահմանադրական դատարան դիմելու քայլը «Ազատության» հետ զրույցում «փրփուրից կառչելու վերջին միջոց» որակեց փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նրա կարծիքով, այս ամենի հետևում այսօրվանից դադարեցված լիազորություններով ՍԴ դատավորներն են. – «Եթե իրենք իրոք համարում էին, որ իրենք ունեն բավարար չափով ստորագրություններ, ապա ինչո՞ւ էին օրեր շարունակ բոլոր հարթակներում հետապնդում Էդմոն Մարուքյանին, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն իր դիմումը հետ վերցրեց, որպեսզի հնարավորություն տա, ինչպես պաշտպանները հռչակեցին` որևէ մեկի անգործություն դրսևորելը կանխելու... ակնհայտ էր, որ նրանք չունեին, և սա էդպես փրփուրներից կախվելու մի վերջին միջոց է: Եվ կարծում եմ, որ սա առանց Սահմանադրական դատարանի նախկին անդամների հուշումների և դրդման չի եղել»:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ հանդիպում ունեցած Զոհրաբյանը պնդում էր, որ իրենց ասել են թե կա աշխատակարգ` առավելագույնը 15 օրվա մեջ է Սահմանադրական դատարանը որոշելու դիմումը վարույթ ընդունում է, թե ոչ: Իսկ ահա «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգրերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ: Եթե ոչ, ապա դիմողը եռօրյա ժամկետում է տեղեկացվում այդ մասին, նույնքան ժամանակ էլ ունի ճշտումների համար: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը չապահովելու դեպքում, ըստ օրենքի, մեկօրյա ժամկետում դիմումը վերադարձվում է: Միայն բոլոր պահանջներն ապահովելուց հետո կորոշվի՝ գործը ընդունվում է վարույթ, թե ոչ:

Էդգար Ղազարյանի հետ «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել: Թե կոնկրետ ինչն են ԲՀԿ-ականները որոշել վիճարկել Սահմանադրական դատարանում, մինչև այս պահը հայտնի չէ: Խմբակցության պատգամավորները կամ հեռախոսազանգերին չեն պատասխանում, կամ հայտարարում են, որ խիստ զբաղված են: Իսկ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ընդհանրապես հորդորեց իրեն հանգիստ թողնել:

Երեք օր առաջ, երբ «Լուսավոր Հայաստանի» հետ դիմել-չդիմելու հարցն էր քննարկվում, «Բարգավաճ Հայաստանը» մտադիր էր Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովում ընդունված սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականությունը:

«Լուսավորը» պնդում էր, թե պատգամավորները չեն կարող վիճարկել դրանց սահմանադրականությունը։ Պատրաստվում էին վիճարկել մի քանի հարց, այդ թվում, որ մինչև երկրորդ ընթերցում, այսինքն` ամբողջությամբ ընդունելը սահմանադրական փոփոխությունները խորհրդարանը չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալ համար, նաև կարծում էին «ԱԺ Կանոնակարգ» օրենքում արած փոփոխությամբ Հանրապետության նախագահին խորհրդարանը զրկել է սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու իրավունքից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չմեկնաբանեց ԲՀԿ-ի քայլը, ասաց՝ իրենք շարունակում ենք աշխատել ՍԴ դիմումի վրա։ Առանց ԲՀԿ-ի հայտնի է՝ «Լուսավորը» ՍԴ դիմելու համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չունի։ Իսկ երկու օր առաջ, երբ Մարուքյանը պնդել էր՝ ԲՀԿ-ն չի ասել, թե իրենց նշած ժամկետներում համաձայն չեն դիմել։ Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ից չէին շտապում ասել՝ կցանկանա՞ն դիմել հուլիսի 7-ից հետո, թե՞ ոչ։