Սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են, ինչը նշանակում է, որ դադարում են պաշտոնավարել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը՝ որպես նախագահ և երեք անդամներ՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը:
Լրագրողներին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը փոխանցեց, որ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդում են: Այսինքն՝ նրանք արձակուրդ են վերցրել մինչև իրենց պաշտոնավարման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը:
Ալվինա Գյուլումյանը, ով այսօրվանից, ըստ սահմանադրական փոփոխությունների, արդեն պաշտոնանկ է եղել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, քանի որ Հրայր Թովմասյանը գտնվում է արձակուրդում, ՍԴ նախագահի պարտականությունները իր վրա են դրվել, և աշխատանքի է եկել այդ պարտականություններով:
«Ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի կազմակերպումը և գործունեությունը: Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել: Դատարանում, երբ որ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային այսպես ասած որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը, առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտրարությունները, ոչ իմ, ոչ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն», - ասաց Գյուլումյանը:
Սահմանադրական դատարանի դատավար Վահե Գրիգորյանն էլ շնորհավորել է քաղաքացիներին և սահմանադրական փոփոխությունները համարել է պատմական՝ Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հաստատման տեսանկյունից:
«Սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է և միանշանակորեն ողջունում եմ Ազգային ժողովի այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով, սա պատմական քայլ է եղել», - նշեց Գրիգորյանը: