Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների էությունը բնակչությանը բացատրելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր գրել է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով նախագահի վարչակազմում իր երկու աղբյուրները։
Պուտինը հասարակական գործիչների հետ հատուկ խորհրդակցությունների շարք կանցկացնի, հնարավոր է նաև կդիմի ժողովրդին։ Խորհրդակցությունները նախատեսված են հունիսի 21-ին` Բուժաշխատողների օրը, և հունիսի 27-ին՝ Երիտասարդության օրը:
Հիշեցնենք՝ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին, սակայն հունիսի 25-ից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան նաև նախօրոք և հեռավար մասնակցել քվեարկությանը։
Այսօր «Բաց մեդիա»-ն, հղում անելով երկու դպրոցների մանկավարժների հաղորդագրություններին, գրել է, որ մոսկովյան դպորոցների ուսուցիչներին պարտադրում են քվեարկել Սահմանադրությունում փոփոխությունների օգտին։ Տեղեկությունը հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը մոսկովյան ևս մեկ դպրոցում։ Մանկավարժների խոսքով՝ ղեկավարությունն իրենց սպառնում է աշխատանքից հեռացնել հրաժարվելու դեպքում։
Մոսկվայի Ալեքսեևսկի շրջանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկը «Բաց մեդիա»-ին է փոխանցել WhatsApp-ի աշխատանքային չաթի նամակագրությունը, որտեղ ղեկավարությունը հրապարակել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. - «Մոսկվայում գրանցված բոլոր մանկավարժները պարտադիր պետք է մասնակցեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին»։
Մեկ այլ դպրոցի ղեկավարությունն ընդհանուր ժողովի ժամանակ հրահանգել է բոլոր մանկավարժներին հեռավար քվեարկության համար նախօրոք գրանցվել քաղաքապետարանի կայքում և հաշվետություն ներկայացնել ղեկավարությանը։ «Բաց մեդիա»-ն պնդում է, որ այս մասին տեղեկացել է Մոսկվայի առաջատար «Վորոբյովի գորի» դպրոցի մանկավարժներից։ Ընդ որում, տնօրեններից մեկն ասել է, որ «դա Մոսկվայի կրթության դեպարտամենտի հրամանն է»:
Ռուսաստանյան ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում միասնական դիրքորոշում չունի: Մի մասը, օրինակ՝ Ալեքսեյ Նավալնին ու նրա թիմակիցները, կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, մի մասն էլ՝ գնալ ընտրատեղամասեր և դեմ քվեարկել:
Հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը, մասնավորապես, ասում է, որ չի մասնակցելու հանրաքվեին: «Չեմ գնալու։ Ինչի՞ համար գնամ: Ի՞նչ է այդ հանրաքվեն, նույնիսկ ընտրություններ չեն: Փոփոխություններն ըստ բոլոր ընթացակարգերի արդեն ընդունել են: Գնամ, որ ի՞նչ անեմ, ինչ որ բա՞ն ցույց տամ իշխանություններին։ Իշխանությունները վաղուց թքած ունեն մեր և մեր դիրքորոշման վրա: Անիմաստ միջոցառում է, որին ես չեմ ուզում մասնակցել», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Պարֆյոնովը։
Սահմանադրական փոփոխությունների փաթեթում գլխավորը փոփոխությունը Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումն է, որը թույլ կտա նրան կրկին առաջադրվել 2024 և 2030 թվականների ընտրություններին:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման համաձայն՝ քվեարկությանը պատրաստ է մասնակցել ռուսաստանցիների 67 տոկոսը, իսկ կողմ քվեարկել՝ 61 տոկոսը:
«Լևադա-կենտրոնի» հարցումը նույնպես վկայում է, որ քվեարկությանը պատրաստ է մասնակցել 67 տոկոսը, սակայն հարցվածների միայն 44 տոկոսն է պատրաստվում կողմ քվեարկել, 32 տոկոսը դեմ է, իսկ 24 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։