Պետդուման հաստատեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու:
67-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 4 տարի անց՝ 2024-ին, բայց այսօր ընդունված սահմանադրական փոփոխության նախագիծը նրա հետագա նախագահության համար «կանաչ լույս» է վառում:
Ենթադրվող, բայց, այնուամենայնիվ, անսպասելի այս զարգացումը տեղի ունեցավ ընդամենը ժամերի ընթացքում: Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը Պետդումայում անսպասելիորեն բարձրացրեց իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Վերջինս իր ելույթում ասաց, թե հարցը նրան, այսինքն՝ Պուտինին չի վերաբերում, այլ Ռուսաստանի քաղաքացիներին և ապագային:
«Եթե այդպես է, ինչո՞ւ ձևեր թափել, ինչ-որ արհեստական կառույցներով ցանկապատեր քաշել, ամեն ինչ պետք է նախատեսել ազնիվ, բաց և հրապարակայնորեն. կա՛մ Սահմանադրությունից ընդհանրապես հանել նախագահական ժամկետների սահմանափակումները, կա՛մ եթե իրավիճակը դա է թելադրում, և ամենակարևորը եթե մարդիկ դա են ցանկանում, օրենսդրորեն հնարավորություն ստեղծել գործող նախագահին վերընտրվելու համար՝ զրոյացնել նախորդ նախագահական ժամկետները», - ասաց Տերեշկովան:
Նրա ելույթից հետո Պետդուման կես ժամանոց ընդմիջում հայտարարեց՝ առաջարկն իսկույն քննարկելու համար, իշխող ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովն ասաց, թե խորհրդարանական մեծամասնությունը պաշտպանում է նախագահական ժամկետները զրոյացնելու Տերեշկովայի առաջարկը: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զանգահարեց Պուտինին, և քիչ անց նա արդեն Պետդումայում էր:
Անդրադառնալով Տերեշկովայի առաջարկին՝ Պուտինը Պետդումայում ասաց, թե ըստ էության դա նշանակում է հանել սահմանափակումները ցանկացած մարդու, ցանկացած քաղաքացու, ներառյալ գործող նախագահի համար և թույլատրել առաջիկայում մասնակցել ընտրություններին, միայն եթե քաղաքացիները պաշտպանեն սահմանադրական այդ փոփոխությունը, «այո» ասեն ապրիլի 22-ի համառուսական քվեարկությանը»:
«Սկզբունքորեն այդ տարբերակը հնարավոր է, բայց միայն մի տարբերակով, եթե Սահմանադրական դատարանը պաշտոնական եզրակացություն տա, որ նման փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի սկզբունքներին», - հայտարարեց Պուտինը:
Դեռ մինչև Պուտինի Պետդումա հասնելը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Թվիթերի իր էջում գրել էր, թե Պուտինի լիազորությունների ժամկետը երկարացնելու քննարկումների սղագրությունն արդեն պատրաստ է: Նա Թվիթերում տեղադրել է 1952 թվականի Կոմունիստական կուսակցության կենտկոմի պլենումի մասին հաղորդագրությունը.
«Մալենկովը ամբիոնից հայտարարել է. - «Ընկերնե՛ր, մենք պետք է միաձայն և միակամ խնդրենք ընկեր Ստալինին՝ մեր առաջնորդին և ուսուցչին առաջիկայում ևս լինել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը»:
Ստալինն ամբիոնից ասել է. - «Ես խնդրում եմ ազատել ինձ գլխավոր քարտուղարի պարտականությունից: Ես ծեր եմ, թղթերը չեմ կարդում, ընտրեք ձեզ ուրիշին»:
Տիմոշենկոն նշել է. - «Ընկե՛ր Ստալին, ժողովուրդը դա չի հասկանա: Մենք բոլորս միակամ ընտրում ենք Ձեզ ղեկավար»:
Բոլորը կանգնած լուռ ծափահարում են»:
Մոտավորապես 70 տարի առաջ տեղի ունեցած այս հիշատակումից հետո Նավալնին Պուտինի ելույթից հետո էլ Թվիթերում գրել էր. «Ամեն ինչ պարզ է: Կարճ՝ առաջին՝ Պետդումայի վաղաժամկետ ընտրություններ չեն լինի, երկրորդ՝ Պուտինի նախագահությունը ցմահ կլինի»:
Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 22-ին: