Մատչելիության հղումներ

Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հատուկ ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:

Պուտինը նախ հայտարարել է, որ չնայած ձեռնարկած կանխարգելիչ միջոցներին, կորոնավիրուսի համաճարակը չի կարող շրջանցել Ռուսաստանը, և ՌԴ քաղաքացիների կյանքն ու առողջությունը փրկելու համար նա նախ անորոշ ժամանակով հետաձգեց ապրիլի 22-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

«Դուք գիտեք՝ ինչքան եմ ես կարևորում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սակայն այսօր ավելի կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Եկող շաբաթը Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային է հայտարարել մինչև ապրիլի 5-ը:

Պուտինն իր ուղերձում նաև սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան: Թե ինչպես է դա գործնականում աշխատելու, այս պահին դեռ այնքան էլ պարզ չէ:

ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ այն գործարարներն ու անհատները, որ դիվիդենտները Ռուսաստանից հանում են և տեղափոխում այս կամ այն օֆշորային գոտի, պարտավորվում են 13 տոկոս հարկ վճարել երկրից դուրս հանվող գումարների համար:

Կարանտինային միջոցների մասին Պուտինն այնքան էլ շատ չի խոսել այսօր, ավելի շատ խոսել է սոցիալական աջակցության մասին: Կարելի է չկասկածել, որ առաջիկա հարցումները կֆիքսեն նրա վարկանիշի աճ:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 163 դեպք է հայտնաբերվել: Նոր դեպքերի մեծ մասը՝ 120-ը արձանագրվել է Մոսկվայում: Այսպիսով վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, որոնցից 29-ը բուժվել են:

Վարակման դեպքեր են հայտնաբերվել Ռուսաստանի 85 շրջաններից 55-ում: Համաճարակի էպիկենտրոնը Մոսկվան է, այնտեղ պաշտոնապես արդեն արձանագրվել է 410 դեպք, ընդ որում իշխանություններն ասում են, թե Ռուսաստանի մարզերում վարակվածների պաշտոնական թիվն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ Մոսկվայից դուրս թեստավորումը թույլ է իրականացվում: Այս մասին մասնավորապես երեկ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ինչ վերաբերում է Մոսկվային, իշխանությունները որոշել են հոսպիտալացնել միայն այն վարակվածներին, ովքեր ունեն բարձր ջերմություն և շնչառության հետ լուրջ խնդիրներ: Մնացած հիվանդները պետք է մնան մեկուսացված իրենց բնակարաններում և ստանան բժիշկների խորհրդատվությունը հեռախոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG