Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տարածաշրջանների խորհրդարանները հավանություն տվեցին Սահմանադրության փոփոխություններին


Ռուսաստան - Բաշկիրիայի խորհրդարանի նիստը, 12-ը մարտի, 2020թ.
Ռուսաստան - Բաշկիրիայի խորհրդարանի նիստը, 12-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանում բոլոր տարածաշրջանային օրենսդրական ժողովները հաստատել են Սահմանադրության փոփոխությունները, որոնք, ի թիվս այլ ռեֆորմների, թույլ են տալիս Վլադիմիր Պուտինին զրոյացնել նախագահական ժամկետները և կրկին առաջադրվել: Ընդ որում, փոփոխությունները հաստատելու համար մարզային խորհրդարաններին ընդամենը երկու օր պահանջվեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Նախորդ սահմանադրական փոփոխությունների գործընթացները զգալիորեն ավելի երկար էին տևել: Մինչ այս Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվել են երեք անգամ, մեկ անգամ՝ 2008-ին, և երկու անգամ՝ 2014-ին: Յուրաքանչյուր դեպքում առնվազն երկու շաբաթ է անցել Դաշնության խորհրդի կողմից փաստաթղթի հաստատման և մարզերում քվեարկության ավարտի միջև:

Պետդուման, հիշեցնենք, երրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը չորեքշաբթի օրը՝ մարտի 11-ին: Նույն օրը Դաշնության խորհուրդը հաստատեց փոփոխությունների մասին օրենքը, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետները չեղյալ հայտարարելը: Ռուսաստանցի միայն մեկ սենատոր դեմ քվեարկեց:

Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը պետք է անցնի սահմանադրականության քննություն։ Սահմանադրական դատարանն այն քննարկելու է փակ ռեժիմով: Առանցքային փոփոխությունն է նախագահական ժամկետների զրոյացումը, ինչը թույլ է տալիս Վլադիմիր Պուտինին առաջադրվել 2024 թվականին նոր ժամկետով: Պուտինի ժամկետների զրոյացումը կարող է տեղի ունենալ երկու պայմանով՝ եթե քաղաքացիները փոփոխություններին հավանություն տան ապրիլի 22-ի համառուսաստանյան քվեարկության ժամանակ, ի դեպ՝ կորոնավիրուսի պատրվակով այն անցնելու է առանց դիտորդների, և եթե Սահմանադրական դատարանը տա, ինչպես Ռուսաստանի նախագահն է ասել, «պաշտոնական եզրակացություն, որ նման փոփոխությունը չի հակասի Հիմնական օրենքի սկզբունքներին և հիմնական դրույթներին»:

Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ այս երկու պայմանները փոփոխությունների փաթեթը հեշտությամբ հաղթահարելու է, նույնիսկ ռուսաստանցի ընդդիմադիրները խոստովանում են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացին խանգարելու ռեսուրս ընդդիմությունը չունի։

Հիշեցնենք, մարտի 10-ին Պետդումայի նիստին նախագահական ժամկետների զրոյացման մասին ուղղումն անսպասելիորեն առաջարկել էր պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց 80-ամյա Վալենտինա Տերեշկովան:

Հավելենք նաև՝ Սահմանադրության մեջ Պուտինի ուղղման շնորհիվ կհայտնվի Աստծո հիշատակումը, ինչպես նաև նշված կլինի, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միություն է միայն։

Եվս մեկ ռեզոնանսային փոփոխություն վերաբերում է Սահմանադրության գերակայությունը միջազգային իրավունքի նկատմամբ ամրագրելուն: Այս փոփոխությունը, օրինակ, թույլ է տալիս Ռուսաստանի իշխանություններին չկատարել միջազգային դատարանների որոշումները։

Անկախ փորձագետները միաձայն պնդում են՝ սահմանադրական փոփոխությունների միակ իմաստը Պուտինի իշխանությունը հավերժ դարձնելն է։ «Իրականում ամենակարևորը ժամկետների զրոյացումն է։ Դա նշանակում է, որ մեր երկրում սարսափելի դժբախտություն է տեղի ունեցել: Ինձ թվում է՝ միանգամայն լուրջ է, որ մեզ այսուհետ սպասում է երկար տարիներ բռնապետություն, բռնաճնշումների ուժեղացում, կարող է պատերազմ լինել, որովհետև նման ռեժիմները պատերազմներ են սիրում», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է հայտնի քաղաքագետ Լեոնիդ Գոզմանը:

XS
SM
MD
LG