Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո դիմել ռուսաստանցիներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հուլիսի 1-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո դիմել ռուսաստանցիներին: Այս մասին, հղում անելով Կրեմլում իր աղբյուրներին, գրել է РБК-ն:

Կրեմլում քննարկվող սցենարի համաձայն, Պուտինը շնորհակալություն է հայտնելու քաղաքացիներին քվեարկությանը մասնակցելու և սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար, ինչպես նաև մի շարք հանձնարարականներ կտա դաշնային իշխանություններին:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ ապրիլին հետաձգված քվեարկությունը կայանալու է հուլիսի 1-ին: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Էլլա Պամֆիլովան հեռավար խորհրդակցության ժամանակ առաջարկել է հենց այդ օրը անցկացնել հանրաքվեն, և երկիրն այսօր ակտիվ պատրաստվում է քվեարկության:

Դաշնային հեռուստաընկերությունները գովազդում են փոփոխությունները և կոչ անում ռուսաստանցիների գնալ քվեարկության և «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

Ընդդիմությունը, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնին կոչ է անում բոյկոտել քվեարկությունը՝ շեշտելով, որ փոփոխություններն օրինական չեն:

Սահմանադրական փոփոխություններին դեմ են նաև Ռուսաստանի տարբեր շրջանների խորհրդարանների պատգամավորները, սակայն ընդհանուր ռազմավարություն ռուսաստանյան ընդդիմությունը չունի: Այսինքն՝ չկա ընդհանուր մոտեցում՝ գնալ և «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, թե բոյկոտել:

Հայտնի քաղաքագետներ Լեոնիդ Գոզմանը և Բորիս Նադեժդինն, օրինակ, պնդում են, որ պետք է անպայման գնալ ընտրատեղամասեր և դեմ քվեարկել: Բորիս Նադեժդինն ասում է, որ քվեարկությունը կարևոր է Պուտինի համար ու թեև որևէ իրավական անհրաժեշտություն չկա, Ռուսաստանի նախագահն ասել է, թե պետք է քվեարկություն անցկացնել, և այն կլինի՝ անկախ համաճարակային իրավիճակից:

«Պետը ասել է՝ պետք է, ուրեմն պետք է լինի քվեարկություն», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է Նադեժդինը՝ հավելելով, - «Կա երկու մոտեցում՝ բոյկոտել կամ գնալ և դեմ քվեարկել, և իմ կարծիքով՝ դեմ քվեարկելը ռացիոնալ է: Բոյկոտելը սխալ է, քանի որ բոյկոտը մեծամասամբ աննկատ կմնա թե՛ իշխանությունների, թե՛ ռուսաստանցիների մեծ մասի համար»:

Քաղաքագետ Լեոնիդ Գոզմանի կարծիքով նույնպես կարևոր է իշխանություններին ակնհայտ ցույց տալ, որ գոնե մեծ քաղաքների բնակչությունը, օրինակ, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Պուտինի նախագահական ժամկետները զրոյացնող փոփոխություններին դեմ է:

«Ես առաջինը կխնդրեի այդ տեղամասերից մարդկանց անպայման գնալ քվեարկելու, միևնույն է Կրեմլը կհայտարարի, որ նույնիսկ այդ տեղամասերում մարդիկ մեծամասամբ կողմ են քվեարկել, սակայն կարելի է էգզիթ փոլեր անցկացնել, դրանք դեռ չեն արգելել», - ասել է Գոզմանը՝ շարունակելով, - «Այդ ժամանակ կստացվի, որ էգզիթ փոլերի համաձայն Մոսկվայում, օրինակ, սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 5 կամ 8 տոկոսը, իսկ իշխանությունները կհայտարարեն 54 տոկոսի մասին և կլինի մեծ սկանդալ»:

Նա նաև նշել է, որ այդ սկանդալը որևէ կերպ չի անդրադառնա պաշտոնական արդյունքների վրա, Վլադիմիր Պուտինը կմնա իշխանության ղեկին, իսկ 2024-ին էլ հավանաբար կմասնակցի նախագահական ընտրություններին և կհաղթի, սակայն ընդդիմությունն ունի Պուտինի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու և իշխանությունների տոնը փչացնելու հնարավորություն:

Հավելենք՝ կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել, սակայն գործում է կարանտինային ռեժիմ, որը ենթադրում է նաև ցանկացած բողոքի ակցիաների արգելք: Անցած շաբաթ Մոսկվայի իրավապահներն, օրինակ, ձերբակալել և բերման էին ենթարկել նույնիսկ այն ակտիվիստներին, որ միանձնյա պիկետ էին անցկացնում:

Սրա հետ մեկտեղ առաջիկայում Ռուսաստանում կայանալու են մի շարք բազմահազարանոց միջոցառումներ՝ Հաղթանակի շքերթը հունիսի 24-ին, Անմահների գունդ երթը հունիսի 26-ին և սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հուլիսի 1-ին:

Փորձագետները կարծում են, որ ամռանն արդեն կվերսկսվեն ընդդիմության բողոքի հավաքները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների դեմ:

Սահմանադրական փոփոխությունները Վլադիմիր Պուտինին թույլ են տալիս պահպանել նախագահական աթոռը մինչև 2036 թվականը:

XS
SM
MD
LG