Նախագահն ստորագրեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքներ։

Միաժամանակ, երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացրին դատական համակարգի զտման՝ վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:

«Առաջին անգամ Դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և հայտարարագրի վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման պատշաճ նյութեր և բացատրություն չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն», - ասաց Բադասյանը՝ մանրամասնելով, թե ինչ է դա նշանակում. - «Օրինակ՝ դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում հաշվետու տարվա ընթացքում, բայց անձի եկամուտներով էդ տարում ստացված չի հիմնավորվում, որ ինքը կարող էր նման գույք ձեռք բերել. սա վարքագծի կանոն է արդեն՝ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ ինչ-որ տեղեկություն հայտարարագրում թաքցնելը, որը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, եթե արարքը 17 թվականի հուլիսի 1-ից հետո է, որովհետև համապատասխան քրեական պատասխանատվությունը սահմանվել է էդ ժամանակ, ուժի մեջ է մտել էդ ժամանակ»:

Բացի այդ, ստեղծվելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու երեք դատավորից և քաղհասարակության երկու ներկայացուցչից։ Բոլորին էլ ընտրելու է Դատավորների ընդհանուր ժողովը։ Հանձնաժողովը դիտարկելու է, թե դատավորների կողմից որքանով են պահպանվում գործերի քննության ողջամիտ ժամկետները, հիմնավորվածության չափանիշներին համապատասխանում են արդյոք դատական ակտերը, դատավորի կողմից պահպանվում են արդյոք վարքագծի կանոնները։ Այս ամենի հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, բայց եթե արձանագրվել են խախտումներ, հանձնաժողովը կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որն էլ կարող է կարգապահական վարույթ հարուցել տվյալ դատավորի նկատմամբ և միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ ընդհուպ մինչև դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։

Ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների մասով Բադասյանը մանրամասնեց. – «Կաշառք տալու, կաշառք ստանալու, փողերի լվացման հետ կապված որևէ գործով, օրինակ, անձին մեղադրանք առաջադրվի, էդ անձին ենթադրյալ պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի չափը հենց վարույթը նախաձեռնելու, ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով, այ էս է ամենակարևորը` 50 միլիոն և ավելի դրամով, այսինքն՝ X պաշտոնատար անձին փողերի լվացման համար առաջադրվել է մեղադրանք, և տվյալ քրեական գործի նյութերով երևում է, որ էդ անձը իրականացրել է փողերի լվացում, որը 100 հազարը գերազանցում է՝ 100 հազար դոլարը, և նաև ունի էլի գույքեր, բազմաթիվ արժեթղթեր, պատկանում է, չգիտեմ, մեծ թվով անշարժ գույքեր, որոնք որևէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում և ընդհանուր, օրինակ, միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում էդ գույքը, էդ գույքի մասով է սկսվում ուսումնասիրությունը»:

Ուսումնասիրություն կարող է սկսվել նաև թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածների, մաքսանենգությանն առնչվող մարդկանց պարագայում։ Արդյունքում, եթե տվյալ անձը չի կարողանում հիմնավորել, թե իր կամ իր հետ փոխկապակցված անձանց օրինական միջոցներով է ձեռք բերել նշված գույքը, ապա առաջարկվում է տվյալ անձին ներկայացնել փաստաթղթեր, որոնցով կարող է հերքվել այդ գույքի ապօրինի ծագումը, և եթե չի հերքվում, կարող է քաղացիական հայց ներկայացվել դատարան, ու կարող է բանակցություն սկսվել հաշտության համաձայնագրի շուրջ։

«Հաշտության համաձայնագիրը ինչ է ենթադրում՝ որ տվյալ անձը պարտավոր է իրեն պատկանող՝ փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում՝ արտասահմանում գտնվող, այդ թվում՝ արտասահմանյան բանկային հաշիվներ և այլն, և դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցի պետությանը` նվազագո'ւյնը 75 տոկոս, այսինքն՝ մինչև 100 տոկոս», - ասաց նախարարը՝ ի պատասխան վարչապետի հարցի հայտնելով, որ բանակցությունները վարվում են Գլխավոր դատախազության հետ, «որը որ իրավասու մարմին է՝ համապատասխան ստորաբաժանումը»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դատախազի տեղակալի հաստիք է ավելանալու, որը զբաղվելու է բացառապես տվյալ ոլորտով:

Սակայն անգամ գույքի փոխանցումը չի կարող ազատել տվյալ անձին քրեական պատասխանատվությունից։