Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները, հայտնում են նախագահի աշխատակազմից: Օրենքներն Ազգային ժողովի կողմից նախագահի ստորագրմանն էին ներկայացվել ապրիլի 21-ին:

Ինչպես նշում են նախագահի աշխատակազմից, օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Հաղորդագրությամբ հիշեցնում են նաև, որ օրենքի նախագծի քննարկման փուլում և այն նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպու­թյուններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ: Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը:

Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Արմեն Սարգսյանը դեռևս փետրվարի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը նախատեսված է հունիսի 16-ին:

XS
SM
MD
LG