Խորհրդարանն այսօր ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի սկզբին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում հաշվի առնեն իրենց շուրջ երեք տասնյակ առաջարկները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել՝ դարձյալ առաջարկություններ ներկայացնելով։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ներկայացրել էր լրամշակված նախագիծը՝ շեշտելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի նվազագույն շեմը 25 միլիոնից դարձել է 50 միլիոն դրամ, ինչը ընդդիմադիրների առաջարկն էր։
«Ձեռնպահ և դեմ մնաց միայն «Լուսավոր Հայաստան»-ը», - Ֆեյսբուքի իր էջում քվեարկությունից անմիջապես հետո գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ընդգծելով. - «Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի»։
Դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է կատարվել մի քանի դեպքերում՝ եթե անձը անցնում է հիմնականում կոռուպցիոն գործերով, միայն նախկին և ներկայիս պաշտոնյաների դեպքում քննության հիմք կարող է դառնալ օպերատիվ հետախուզական տվյալը: Ըստ օրենքի՝ իրավասու մարմինն է որոշում ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը: